Իրաքը Թուրքիայի հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Իրաքի արտգործնախարարությունը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամ երկրներին, ինչպես նաև Արաբական լիգային երկրներին` խնդրելով միջամտել այդ երկրում անօրինական տեղակայված թուրքական ստորաբաժանումների դուրս բերման հարցին: Այս մասին հայտնում է Իրաքի արտգործնախարարության կայքը:

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

Իրաքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրներին (ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) խնդրել է միջամտել, որպեսզի միջազգային ջանքերով վերջ դրվի Թուրքիայի՝ Իրաքի ինքնիշխանության խախտմանը։

Բացի այդ, Իրաքի ատգործնախարարությունը դիմել է նաև Արաբական երկրների լիգայի անդամ երկրներին` կոչ անելով հրավիրել լիգայի անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ ժողով և քննարկել հարցը:

Հիշեցնենք, որ երեկ` դեկտեմբերի 9-ին, Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում խնդրել էր կառույցի դիվանագիտական խողովակներով Թուրքիային ստիպել դուրս բերել զորքերն Իրաքի տարածքից։

Բացի այդ Թուրքիա էր այցելել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին: Թուրքիայի ղեկավարների հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել էին թուրքական ստորաբաժանումների տեղակայման հարցը:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ Իրաքի ղեկավարության հետ համաձայնության գալու համար այսօր` դեկտեմբերի 10-ին, Իրաք են մեկնելու Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը և փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն:

Դեկտեմբերի 4-ին Թուրքիան շուրջ 150-հոգանոց հատուկջոկատայինների գումարտակ էր մտցրել Իրաքի տարածք՝ հայտարարելով, որ ստորաբաժանումները պետք է մարզեն Իրաքյան Քրդստանի Փեշմերգե զինված ուժերը։ Դեկտեմբերի 5-ին, Իրաքի կառավարությունը հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, որ եթե Թուրքիան անմիջապես զորքերը դուրս չբերի, ապա իրենք հակաքայլեր կձեռնարկեն։

Իրաքի խորհրդարանի անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավարը հայտարարել էր, որ իրենք կարող են նաև դիմել Ռուսաստանի ռազմական օգնությանը, եթե Թուրքիան հրաժարվի դուրս բերել իր զորքերը՝ ավելացնելով, որ Իրաքը Թուրքիայի 48 ժամ է տալիս ստորաբաժանումները դուրս բերելու համար։ Ըստ էության այդ ժամանակն արդեն լրացել է, սակայն դեռևս կողմերից ոչ մեկը կտրուկ քայլերի չի դիմել։

2 responses to “Իրաքը Թուրքիայի հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

  1. Pingback: Զորքերն Իրաքից հետ քաշելը քննարկման առարկա չէ. Էրդողան | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 6 – 12 դեկտեմբեր, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *