Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Հնդկական օվկիանոսի Բենգալյան ծոցում մեկնարկել է ռուս-հնդկական համատեղ «Ինդրա-Նևի-2015» ռազմածովային զորավարժության ակտիվ փուլը, որը տևելու է մինչև դեկտեմբերի 12-ը։Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, առաջին անգամ երկու երկրների նավաստիները նավերից փորձելու են խոցել օդային թիրախներ։ Բացի այդ, սցենարով նախատեսված է ուղղաթիռների կիրառմամբ ազատագրել ահաբեկիչների կողմից բռնազավթված նավը։
Նշենք, որ թվով ութերորդ ռազմածովային զորավարժությանը ռուսաստանյան կողմից ներգրավված են «Վարյագ» հրթիռային հածանավը, «Բիստրիյ» ականակիր նավը, «Բորիս Բուտոմա» տանկերը, փրկարարական «Ալատաու» նավը։
Հնդկական կողմից մասնակցում են «Սահյադրի» (Sahyadri) ֆրեգատը, «Ռանվիր» (Ranvir) ականակիր նավը, «Շաթկի» (Shakti ) տանկերը, պարեկային հականավային P-8 Poseidon ինքնաթիռը, առափնյա անվտանգության Do-228 ինքնաթիռը, ինչպես նաև ուսումնամարտական 2 միավոր Hawk Mk132 ինքնաթիռ և ուղղաթիռներ։
Հիշեցնենք, որ «Ինդրա» զորավարժություններն ունեն ինչպես ծովային, այնպես էլ ցամաքային ու օդային տարբերակներ։ Նոյեմբերի 9-18 Հնդկաստանի Մախաջան զորավարժարանում անցկացվել է ռուս-հնդկական համատեղ հակաահաբեկչական «Ինդրա-2015» զորավարժությունը, որին ռուսաստանյան կողից մասնակցել է ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական շրջանի 20-րդ մոտոհրաձգային բրիգադի մոտոհրաձգային գումարտակի շուրջ 250 զինծառայող։
«Ինդրան» Հնդկաստանի ու Ռուսաստանի համատեղ ամենամյա զորավարժություն է, որն առաջին անգամ անցկացվել է 2003-ին: