ՌԴ 102-րդ ռազմաբազայի շուրջ 100 նորակոչիկ զինծառայող դիպուկահարներ մեկամսյա վարժական հավաքներ են անցկացնում Հայաստանի «Կամխուդ» զորավարժարանում: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Դասընթաց ընթացքում ռազմաբազայի դիպուկահարները սովորելու են դիրքավորվել լեռնային տեղանքում, թաքնվել առաջադրանքը կատարելուց հետո, ինչպես նաև ճշգրտել օպտիկական, մեխանիկական և գիշերային նշանոցները ցրտի և բարդ մթնոլորտային պայմաններում:
Ռազմաբազայի հրահանգիչները դիպուկահարներին սովորեցնելու են ՍՎԴ և հատուկ նշանակության «Վինտորեզ» դիպուկահար հրացաններով ընտրել թիրախը, նշանառել այն և խոցել մենահատ կրակով: Դասընթացի ավարտին զինծառայողները քննություններ են հանձնելու 100-1500 մետր հեռավորության վրա թիրախների խոցումից:
Ռազմաբազայի դիպուկահարների նախորդ վարժանքներն անցկացվել են 2015-ի հոկտեմբերին:
Ավելացնենք, որ Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան նորակոչիկ զինծառայողներով համալվել է նոյեմբերին: Այն ժամանակ ռազմաբազայում փոխարինվել է մոտ 700 զինծառայող:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող 102-րդ ռազմաբազան Հայաստանում՝ Գյումրիում, տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. նոյեմբերի 29 – դեկտեմբերի 5, 2015 | Ռազմ.info
Pingback: ՌԴ 102-րդ ռազմաբազայի նռնականետորդները զորավարժություն են սկսել «Կամխուդում» | Ռազմ.info