Գերմանիայի պաշտպանության նախարարն Աֆղանստանում այցելել է հայկական զորախմբին

Դեկտեմբերի 7-ին Գերմանիայի պաշտպանության դաշնային նախարար Ուրսուլա վոն դեր Լեյենն այցելել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության՝ Գերմանիայի հրամանատարության տակ գտնվող հյուսիսային հրամանատարության կազմում Մազարի Շարիֆի «Քեմփ Մարմալ» ռազմաբազայում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Աֆղանստանում Հայաստանի ԶՈւ զորախմբի հրամանատարը նվերներ է հանձնել Գերմանիայի պաշտպանության նախարարին. լուսանկարը ՀՀ ՊՆ կայքի

Աֆղանստանում Հայաստանի ԶՈւ զորախմբի հրամանատարը նվերներ է հանձնել Գերմանիայի պաշտպանության նախարարին. լուսանկարը ՀՀ ՊՆ կայքի

Նախարարը հայկական զորախմբի հրամանատարի և անձնակազմի հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել համատեղ ծառայության և համագործակցության համար: Նշել է, որ Հայաստանը, ունենալով կայունության և խաղաղության ապահովման գործում մեծ փորձ, համարվում է վստահելի գործընկեր, և ակնկալվում է, որ այս գործընկերությունը երկարատև կլինի:

Դեկտեմբերի 4-ին էլ Գերմանիայի ՊՆ-ում ընդունել էին ՀՀ դեսպանին, քննարկել երկկողմ ռազմական և անվտանգության ոլորտներում առկա համագործակցությունը և հեռանկարները:

Գերմանիայի պաշտպանության նախարարի՝ Աֆղանստան այցելելը հավանաբար կապված է նրա հետ, որ Գերմանիան 130-ով մեծացնում է իր զորախմբի զինծառայողների քանակը՝ 850-ից հասցնելով 980 հոգու:

Դեկտեմբերին էլ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Աֆղանստանի ուժայիններին մարզելու «Վճռական աջակցություն» ծրագիրը երկարաձգում է մինչև 2016-ի ավարտը: ՆԱՏՕ-ի ինչպես «Վճռական աջակցություն», այնպես էլ դրան հաջորդելիք «Տևական գործընկերություն» առաքելություններին մինչև վերջ մասնակցելու իր հանձնառությունը Հայաստանը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ արտգործնախարարի միջոցով:

Նշենք, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող առաքելություններին Հայաստանը մասնակցում է 2010 թվականից: Աֆղանստանում հերթափոխով ծառայություն է անցկացնում Հայաստանի զինված ուժերի 131 խաղաղապահ զինծառայող, որոնք խաղաղապահ առաքելությանը մասնակցում են Գերմանիայի զինված ուժերի հրամանատարության ներքո՝ Աֆղնաստանի հյուսիսային հրամանատարության կազմում:

Աֆղանստանի «Վճռական աջակցություն» առաքելությունում Գերմանիայի ԶՈւ հրամանատարությամբ գործող «Հյուսիս» զորախմբի պատասխանատվության գոտին, որտեղ ծառայում են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ զինծառայողները

Աֆղանստանի «Վճռական աջակցություն» առաքելությունում Գերմանիայի ԶՈւ հրամանատարությամբ գործող «Հյուսիս» զորախմբի պատասխանատվության գոտին, որտեղ ծառայում են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ զինծառայողները

Ավելացնենք, որ Աֆղանստանում անցկացվող «Վճռական աջակցություն» առաքելությունը ոչ մարտական է, հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին։ 2014թ. ավարտին այն փոխարինել է ISAF առաքելությանը։

Ինչպես և ISAF («Անվտանգության աջակցության միջազգային ուժերի») ծրագրի ժամանակ, Resolute support («Վճռական աջակցություն») ծրագրի շրջանակներում նույնպես Աֆղանստանի ողջ տարածքը բաժանված է 4 հատվածների, որոնցից գերմանական զորախումբը, որի կազմում են ՀՀ ԶՈւ զինծառայողները, հսկում է հյուսիսայինը։

One response to “Գերմանիայի պաշտպանության նախարարն Աֆղանստանում այցելել է հայկական զորախմբին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 6 – 12 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *