Գերմանիան 130-ով մեծացնելու է Աֆղանստանում իր զորախմբի կազմը

Գերմանիայի կառավարությունը որոշել է մեծացնել «Վճռական աջակցություն» ծրագրի շրջանակներում աֆղանական ուժայիններին մարզելու նպատակով Աֆղանստանում գտնվող գերմանական զորախմբի կազմը: Նոյեմբերի 18-ին նման որոշում է ընդունել Գերմանիայի կառավարությունը:Ներկայիս 850 զինծառայողի փոխարեն նախատեսվում է գերմանացի զինծառայողների թիվը հասցնել 980 հոգու: Այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters գործակալությունը:

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Աֆղանստանում ծառայող գերմանացի զինծառայողների հետ

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Աֆղանստանում ծառայող գերմանացի զինծառայողների հետ

Գերմանական զորախմբի ուժեղացումը հավանաբար կապված է Աֆղանստանում «Թալիբանի» զինյալների ակտիվացման հետ. սեպտեմբերին ահաբեկչական կազմակերպության մարտիկներն իրենց վերահսկողության տակ էին վերցրել երկրի հյուսիսում գտնվող Քունդուզ քաղաքը:

Աֆղանստանի հյուսիսային հատվածը հենց գերմանական զորախմբի պատասխանատվության տակ է: Գերմանական զորախմբի հրամանատարության տակ են գործում նաև Հայաստանի զինված ուժերի՝ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող զինծառայողները:

Աֆղանստանի «Վճռական աջակցություն» առաքելությունում Գերմանիայի ԶՈւ հրամանատարությամբ գործող «Հյուսիս» զորախմբի պատասխանատվության գոտին, որտեղ ծառայում են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ զինծառայողները

Աֆղանստանի «Վճռական աջակցություն» առաքելությունում Գերմանիայի ԶՈւ հրամանատարությամբ գործող «Հյուսիս» զորախմբի պատասխանատվության գոտին, որտեղ ծառայում են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ զինծառայողները

Աֆղանստանում խաղաղապահների տեղակայման հետ կապված՝ հոկտեմբերին էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ դադարեցնում է Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերումը: Մինչ այդ նախատեսված էր, որ 9800 զինծառայողներից կազմված ամերիկյան զորախմբի հիմնական մասը դուրս է բերվելու 2016-2017 թվականներին: Սակայն ԱՄՆ ղեկավարությունը, փաստորեն, նույնպես որոշել է, որ դեռ շուտ է Աֆղանստանից ուժերը դուրս բերելու համար:

Այս տեսանկյունից հետաքրքիր է, որ նոյեմբերի սկզբին ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչ, կապիտան Ջեֆ Դևիսը ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է, որ իրենք այնքան էլ ակտիվ չեն թիրախավորում «Թալիբանին», քանի որ դիտում են նրան որպես գործընկեր՝ Աֆղնաստանում հաշտության հասնելու ճանապարհին:

Ավելի ուշ ասուլիսի սղագրության մեջ ավելացվել է ծանուցում, ըստ որի՝ դեպարտամենտի ներկայացուցիչը նկատի է ունեցել, որ իրենք «Թալիբանին» դիտում են որպես հավանական գործընկեր, և որ «Թալիբանը» ներկայում ունի ընտրությանն հնարավորություն՝ միանալ խաղաղության վերականգնման գործընթացին կամ շարունակել սպանել աֆղանստանցիներին ու ապակայունացնել երկիրը:

Նշենք, որ Աֆղանստանում անցկացվող «Վճռական աջակցություն» առաքելությունը ոչ մարտական է, հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին։ 2014թ․ ավարտին այն փոխարինել է ISAF առաքելությանը։

Ինչպես և ISAF («Անվտանգության աջակցության միջազգային ուժերի») ծրագրի ժամանակ, Resolute support («Վճռական աջակցություն») ծրագրի շրջանակներում նույնպես Աֆղանստանի ողջ տարածքը բաժանված է 4 հատվածների, որոնցից գերմանական զորախումբը, որի կազմում են ՀՀ ԶՈւ զինծառայողները, հսկում է հյուսիսայինը։

ՀՀ ԶՈւ խաղաղապահները մեկնում են Գերմանիա՝ Աֆղանստանում նոր առաքելության պատրաստվելու համար

ՀՀ ԶՈւ խաղաղապահները մեկնում են Գերմանիա՝ Աֆղանստանում նոր առաքելության պատրաստվելու համար․ 2015թ․ հունվար

2 responses to “Գերմանիան 130-ով մեծացնելու է Աֆղանստանում իր զորախմբի կազմը

  1. Pingback: Սեյրան Օհանյանը Բեռլինում մասնակցել է Աֆղանստանում խաղաղապահության խնդիրների քննարկմանը | Ռազմ.info

  2. Pingback: Գերմանիայի պաշտպանության նախարարն Աֆղանստանում այցելել է հայկական զորախմբին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *