Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Քայափընար գավառում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների հետ փոխհրաձգության ժամանակ սպանվել է 2 ոստիկան։ ԻՊ 3 անդամ ձերբակալվել է, 7-ը՝ գործողության ժամանակ սպանվել։
Թուրքական «Հյուրրիյեթ դեյլի նյուզ» լրատվակայքի փոխանցմամբ՝ վիրավորված ոստիկանները 2-ն են, իսկ «Հյուրրիյեթը» հայտնում է 4 վիրավոր ոստիկանի մասին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վիրավորները 5-ն են։ Վերջիներիս հոսպիտալացրել են։
Հավելենք, որ «Հյուրրիյեթի» փոխանցմամբ՝ ոստիկանները նախապես իմացել են, որ զինյալները գտնվում են թաղամասի 53-րդ փողոցի տներից մեկում և հատուկ գործողություն ձեռնարկել՝ շրջափակելով տունը։
Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը Սիրիայում և Իրաքում սուր բնույթ է ստացել 2014-ի ամառվանից։ Այս ընթացքում ահաբեկչական կազմաերպության զինյալները, որոնք լրջագույն խնդիրներ են ստեղծել վերոնշյալ երկու պետությունների համար, բավականին «անտարբեր» էին դրանց հյուսիսային հարևանի՝ Թուրքիայի նկատմամբ։
Ավելին, Սիրիայում և Իրաքում զինյալները անցած տարի՝ սեպտեմբերի 20-ին, 3 ամսյա գերությունից հետո անվնաս վերադարձրին Թուրքիայի՝ Իրաքում դիվանագիտական ծառայություն իրականացնող 50 քաղաքացու։ Թուրքիան էլ իր հեթին, երկար ժամանակ ոչ միայն հրաժարվում էր պաշտոանապես միանալ զինյալների դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային, այլև տարածք չէր տրամադրում Իրաքի քրդական «Փեշմերգեի» զինված խմբավորումներին՝ Սիրիա հասնելու ու ԻՊ դեմ կռվելու համար։ Թուրքական իշխանությունները որոշեցին թույլ տալ Հյուսիսային Իրաքի քրդերին անցնել Թուրքիայի տարածքով ու միանալ Քոբանիում կռվողներին միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի ու դաշնակիցների օդուժի բեռնատար ինքնաթիռները զենքով, զինամթերքով ու դեղորայքով ծանրոցներ էին նետել Քոբանիում կռվող քրդերին:
Բայց կարծես թե, ինչ-որ բան փոխվել է։ Նախ՝ Թուրքիան գարնանն ԱՄՆ-ին թույլատրեց «Ինջիրլիք» ռազմաօդային բազայում տեղակայել 2 միավոր հարվածային անօդաչու թռչող սարք, օգոստոսի սկզբին նույն ռազմաբազայում տեղակայվեց նաև ամերիկյան ռազմաօդային ուժերի 6 միավոր F-16 կործանիչ, դրանց օդաչուներն ու տեխնիկական սպասարկման անձնակազմերը։ Իսկ օգոստոսի 24-ին պաշտոանպես հայտարարվեց Թուրքիայի՝ գործողությանը միանալու պայմանագրի մասին, որին օգոստոսի 28-ի երեկոյան հաջորդեցին Թուրքիայի առաջին հարվածները Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին։
Իրադարձությունների նման զարգացման տրամաբանական շարունակությունը՝ զինյալների՝ Թուրքիայի տարածքում հայտնվելը, երկար սպասել չտվեց։
Pingback: Թուրքիայում ԻՊ-ի դեմ տարբեր գործողություններում շուրջ 40 մարդ է ձերբակալվել | Ռազմ.info