Թուրքիայում ԻՊ-ի դեմ տարբեր գործողություններում շուրջ 40 մարդ է ձերբակալվել

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 21 քաղաքացիական՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է թուրքական Իհլաս լրատվական գործակալությունը։ 21 ձերբակալվածներից յոթն անչափահաս են։ Թուրքական ոստիկանությունը շարունակում է խուզարկությունը։

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքի համաձայն՝ հարավարևելյան Քիլիս նահանգում ձերբակալվել է ԻՊ—ի ևս 17 անդամ և մեկ քաղաքացիական Բուրսա նահանգում՝  ԻՊ-ի քարոզչությամբ զբաղվելու և նրա հետ համագործակցելու մեղադրանքով։

Հիշեցնենք, որ Թուրքիա—ԻՊ հարաբերությունները սրվեցին, երբ հոկտեմբերի 26-ին Դիարբեքիր նահանգի Քայափընար գավառում ահաբեկիչների և թուրք ոստիկանների միջև փոխհրաձգության հետևանքով սպանվեց 2 ոստիկան և ԻՊ-ի 7 զինյալ։

Նշենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը Սիրիայում և Իրաքում սուր բնույթ է ստացել 2014-ի ամառվանից։ Այս ընթացքում ահաբեկչական կազմակերպության զինյալները, որոնք լրջագույն խնդիրներ են ստեղծել վերոնշյալ երկու պետությունների համար, բավականին «անտարբեր» էին դրանց հյուսիսային հարևանի՝ Թուրքիայի նկատմամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *