«Իսլամական պետության» կողմից դեռևս 2014 թվականի հունիսին Մոսուլում Թուրքիայի հյուպատոսարանի գերեվարված աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին հաջողվել է ազատել։
ԻՊ-ն ազատ է արձակել թուրք գերիներին սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը, որից հետո նրանք վերադարձվել են Թուրքիա։ Նրանց Իրաքից տեղափոխել են Ուրֆա։ Ազատված գերիների վիճակը գնահատվում է նորմալ։ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ով դիմավորել է դիվանագետներին և նրանց ընտանիքներին, հայտնել է, թե նրանց փրկությունն արդյունքն է Թուրքիայի հետախուզական ծառայության հաջող աշխատանքի, փոխանցում է թուրքական CNNTurk հեռուստաալիքը։
Նշենք, որ երբ «Իսլամական պետությունը» հունիսի կեսերին գրավեց իրաքյան Մոսուլ քաղաքը, պատանդ վերցրեց նաև Թուրքիայի հյուպատոսարանի աշխատակիցներին, այդ թվում՝ գլխավոր հյուպատոս Օզթյուրք Յըլմազին։ Գերիների շարքում նաև երեք մանկահասակ երեխա կար։
Հետաքրքրական է, որ Թուրքիան վերջին շրջանում հրաժարվում էր միանալ ԱՄՆ-ի՝ ԻՊ-ի դեմ ռազմական կոալիցիային՝ պատճառաբանելով, թե այդ կերպ կարող էր վտանգել Մոսուլի հյուպատոսարանի գերեվարված աշխատակիցներին։
Միևնույն ժամանակ, տեղական և արտասահմանյան լրատվամիջոցները շարունակում են Թուրքիային մեղադրել ԻՊ-ին աջակցելու, ինչպես նաև նրանից նավթ գնելու համար։ Պաշտոնական Անկարան հերքում է այդ մեղադրանքները։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. սեպտեմբերի 14-20 | Ռազմ.info
Pingback: ԻՊ դեմ գործողության ժամանակ Թուրքիայում սպանվել է 2 ոստիկան | Ռազմ.info