ԱՊՀ ՀՕՊ զորավարժության մասնակիցներն անցել են մարտական հերթապահության

Սեպտեմբերի 7-ին Ռուսաստանի մերձկասպյան «Աշուլուկ» զորավարժարանում մեկնարկել է ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի ստորաբաժանումների «Մարտական ընկերակցություն 2015» զորավարժության նոր փուլը, որին մասնակցում է նաև Հայաստանի զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումը:

Զորավարժությանը մասնակցող հայաստանյան զորախումբը

Զորավարժությանը մասնակցող հայաստանյան զորախումբը

Զորավարժությանը մասնակցող ՀՕՊ ստորաբաժանումներն անցել են պահպանվող տարածքի հակաօդային պաշտպանության ապահովման մարտական հերթապահության: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:

Զորավարժության ընթացքում ստորաբաժանումները կատարելագործելու են մարտական ավիացիայի միջոցով ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի մասնակից երկրների օդային տարածքների անվտանգության ապահովման առաջադրանքների կատարման ժամանակ համագործակցության կազմակերպումը:

Բացի այդ, ռադիոտեխնիկական ստորաբաժանումները կատարելու են պայմանական թիրախների հայտնաբերման և ուղեկցման գործողություններ, դրանց կոորդինատները փոխանցելու են զենիթահրթիռային ստորաբաժանումներին, որոնք էլ ոչնչացնելու են դրանք ուժեղ ռադիոճնշման պայմաններում:

Ընդհանուր առմամբ, զորավարժությանը մասնակցում է մոտ 4000 զինծառայող ԱՊՀ 6 երկրներից՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ղազախստանից և Հայաստանից: (Այս երկրները միաժամանան նաև ՀԱՊԿ անդամ 6 պետություններն են):

Հիշեցնենք, որ «Մարտական համագործակցություն-2015» զորավարժության նախնական փուլը սկսվել է դեռևս օգոստոսի կեսերին: Սեպտեմբերի 4-ին  Հայաստանի ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումը հասել է զորավարժության անցկացման վայր՝ դրա ակտիվ փուլին մասնակցելու համար:

Զորավարժությանը մասնակցող զորախումբը

Զորավարժությանը մասնակցող հայաստանյան զորախումբը

Ավելացնենք, որ ԱՊՀ երկրների միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի զորավարժություններ անցկացվել են նաև նախկինում: Մասնավորապես 2014 թվականին նույնպես Հայաստանը մասնակցել է զորավարժությանը, իսկ 2013թ-ին ՀՀ ներկայացուցիչները որպես դիտորդ են հետևել վարժանքներին։

Նշենք, որ ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգը ստեղծվել է 1995 թվականին ԱՊՀ մի քանի պետությունների կնքած պայմանագրով: Նպատակը մասնակից երկրների օդային տարածքի կոլեկտիվ պաշտպանությունն ապահովելն է: Ներկայում համակարգի մաս են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հայաստանը, որոնք միաժամանակ նաև ՀԱՊԿ անդամ 6 պետություններն են:

ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգը բաղկացած է ավելի քան 80 բաղադրիչից, որի մեջ մտնում են 21 ինքնաթիռ, 41 միավոր զենիթահրթիռային համալիր, 21 միավոր ռադար և ռադիոէլեկտրոնային պայքարի 2 առանձին գումարտակ: Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան նույնպես ԱՊՀ անդամ պետություների միացյալ ՀՕՊ համակարգի կազմում է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *