ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգերը բաղկացած են ավելի քան 80 մասից

ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության համակարգը բաղկացած է ավելի քան 80 բաղադրիչից, որի մեջ մտնում են 21 ինքնաթիռ, 41 միավոր զենիթահրթիռային համալիր, 21 միավոր ռադար և ռադիոէլեկտրոնային պայքարի 2 առանձին գումարտակ: Առաջիկայում ուժերի համալրում չի նախատեսվում: Այս մասին, ըստ ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության, ապրիլի 7-ին Դուշանբեում հայտարարել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ համակարգման հանձնաժողովի փոխնախագահ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն:

Ռուսաստանյան արտադրության Ս-300ՎՄ «Անթեյ-2500» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Ռուսաստանյան արտադրության Ս-300ՎՄ «Անթեյ-2500» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

ՀՕՊ համակարգման հանձնաժողովի փոխնախագահը նաև նշել է, որ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած ՀՕՊ համակարգման հանձնաժողովի վերջին նիստի ժամանակ քննարկվել է ՀՕՊ համակարգերը կատարելագործելու և զարգացնելու, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների երկկողմ և բազմակողմ համագործակությունն ամրապնդելու վերաբերյալ 12 հարց, որոնց իրագործմանն է ուղղված նաև այս տարված սեպտեմբերին նախատեսվող ԱՊՀ Միացյալ ՀՕՊ համակարգերի «Մարտական համագործակցություն-2015» զորավարժության անցկացումը: Զորավարժությանը մասնակցելու են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի զինծառայողներ:

Հիշեցնենք, որ Հայաստանը մասնակցել է զորավարժությանը նաև 2014-ին, իսկ 2013թ-ին ՀՀ ներկայացուցիչները հետևել են վարժանքներին որպես դիտորդ։

Տեղեկացնենք, որ 1995 թվականի փետրվարի 10-ին ԱՊՀ անդամ 10 պետությունների միջև կնքվել է համաձայնագիր, ըստ որի՝ ստեղծվել է ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգ։ Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Ուկրաինան։ ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգում չեն ներգրավվել Ադրբեջանը, Մոլդովան:

2008թ. համակարգից դուրս են եկել Վրաստանն ու Թուրքմենստանը, իսկ Ուզբեկստանն ու Ուկրաինան համագործակցում են Ռուսաստանի հետ երկկողմ համագործակցության շրջանակներում։

Ավելացնենք, որ նույն ԱՊՀ ՀՕՊ համակարգի կազմում է մարտական հերթապահություն կրում նաև Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ՌԴ ԶՈւ ավիախումբը, որը Գյումրիի 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայի մի մասն է:

One response to “ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգերը բաղկացած են ավելի քան 80 մասից

  1. Pingback: ԱՊՀ ՀՕՊ զորավարժության մասնակիցներն անցել են մարտական հերթապահության | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *