Սեպտեմբերին Հայաստանը կմասնակցի ԱՊՀ Միացյալ ՀՕՊ համակարգի համատեղ զորավարժությանը

ԱՊՀ Միացյալ ՀՕՊ համակարգերի «Մարտական համագործակցություն-2015» զորավարժությունն անցկացվելու է սեպտեմբերին Ռուսաստանում և Ղազախստանում։ Զորավարժությանը մասնակցելու է նաև Հայաստանը։

Ս-300ՊՍ ՀՕՊ համակարգ. ՀՀ զինված ուժեր

Ս-300ՊՍ ՀՕՊ համակարգ. ՀՀ զինված ուժեր

Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի ենթակայությամբ գործող ՀՕՊ համակարգման հանձնաժողովի փոխնախագահ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոյին։

«Համատեղ զորավարժությանը մասնակցելու են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի զինծառայողներ»,- ասել է Կուրաչենկոն։

Ինչպես հայտնում է լրատվական գործակալությունը, զորավարժության կազմակերպչական հարցերը քննակելու համար ԱՊՀ ՀՕՊ համակարգման խորհրդի հաջորդ նիստը կլինի սեպտեմբերին Աստրախանում։

Հավելենք, որ 2014 թվականին նույնպես Հայաստանը մասնակցել է զորավարժությանը, իսկ 2013թ-ին ՀՀ ներկայացուցիչները որպես դիտորդ են հետևել վարժանքներին։

Տեղեկացնենք, որ 1995 թվականի փետրվարի 10-ին ԱՊՀ անդամ 10 պետությունների միջև կնքվեց համաձայնագիր, ըստ որի ստեղծվում է ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգ։ Համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Ուկրաինան։ ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգում չներգրավվեցին Ադրբեջանը, Մոլդովան:

2008թ. համակարգից դուրս եկան Վրաստանն ու Թուրքմենստանը, իսկ Ուզբեկստանն ու Ուկրաինան համագործակցում են Ռուսաստանի հետ երկկողմ համագործակցության շրջանակներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *