Այսօր՝ հուլիսի 14-ին, ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են տեղեկություններ, համաձայն որոնց «ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղը, ինչի հետևանքով» կա 3 վիրավոր քաղաքացիական բնակչության շրջանում։ Տեղեկության սկզբնաղբյուրն ադրբեջանական Salamnews լրատվակայքն է։
Տարածած տեղեկություններում նշվում է, որ «հայկական կողմի գնդակոծության» հետևանքով վիրավորվածներից 2-ը մանկահասակ են, երրորդը՝ 44-ամյա կին։ Նշվում է նաև, որ նրանց տեղափոխել են Թովուզի շրջանի (սահմանակից է ՀՀ Տավուշի մարզին) հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է բավարար։
Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղ գտած այս տեղեկությանը հայաստանյան Panorama լրատվակայքի խնդրանքով անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ով բացարձակ ապատեղեկատվություն է որակել տարածվող լուրերը` նշելով, որ դրանք սադրող բնույթի են։
Հովհաննիսյանը հավելել է նաև, որ հայկական կողմը պատրաստ է աջակցել միջազգային բազմակողմանի հետաքննության անցկացմանը։ «Մանդատ ունեցող ցանկացած կազմակերպություն կարող է անցկացնել միջադեպի հետաքննություն և վերհանել ադրբեջանական կողմի սուտը», ” նշել է ՊՆ մամուլի քարտուղարը։
Որպես քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների առկայության հնարավոր պատճառ` Հովհաննիսյանը նշել է ադրբեջանցի զինծառայողների կողմից զենքի հետ անզգույշ վարմունքը կամ այն, որ մանկահասակների ձեռքում հայտնվել է զինամթերք, ինչն էլ հանգեցրել է նման ողբերգական հետևանքների։
Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումից ժամեր անց ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, հղում անելով այդ երկրի ՊՆ-ին, հայտնեց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ բանակին տրված հատուկ հանձնարարության մասին։ Դրանում նշվում է, որ «եթե հայկական զինուժի ստորաբաժանումները շարունակեն ադրբեջանական բնակավայրերի գնդակոծումը», ապա Ադրբեջանի բանակը կկիրառի իր տրամադրության տակ եղած խոշոր զինատեսակները՝ այդ ստորաբաժանումների դիրքերի ուղղությամբ կրակ բացելու նպատակով։
Հիշեցնենք, որ 2015-ի հունիսի 12-ից 28-ը Բաքվում անցկացվեցին Եվրոպական առաջին մարզական խաղերը, որոնց նախորդած ժամանակաշրջանում, ինչպես նաև բուն խաղերի ընթացքում, իրավիճակն առաջնագծում ընդունել էր համեմատաբար հանգիստ բնույթ, թեպետ հրադադարի խախտման լուրջ դեպքեր, այդուհանդերձ, գրանցվեցին։
Համեմատաբար հանգիստ իրավիճակը շարունակում է պահպանվել նաև ներկայումս, ու այս համատեքստում վերոնշյալ հայտարարություններից ստեղծվում է տպավորություն, որ Ադրբեջանը պարզապես հիմնավորումներ է փորձում ստեղծել նախկին գործելաոճին՝ առաջնագծում իրավիճակի ապակայունացմանն անցնելու համար։
Pingback: Ադրբեջանի 3 քաղաքացիները վիրավորվել էին փամփուշտի պայթյունից, ոչ թե հայկական զինուժի գնդակից | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 12 – 18 հուլիսի, 2015 | Ռազմ.info