Հուլիսի 12-ից 25-ը Մոլդովայի Բելց քաղաքում երկրի զինված ուժերի մոտոհրաձգային բրիգադի «Մոլդովա» ուսումնավարժական կենտրոնում անցկացվելու է միջազգային զորավարժություն՝ 5 երկրի մասնակցությամբ։ Այս մասին հուլիսի 13-ին հայտնել է Մոլդովայի պաշտպանության նախարարության կայքը»։
«Efort comun 2015» (Համատեղ ջանք-2015) անվանումը կրող զորավարժությանը մասնակցում է շուրջ 800 զինծառայող Մոլդովայից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Վրաստանից և Ռումինիայից։
Ըստ հաղորդագրության՝ զորավարժության հրամանատարը գնդապետ Վյաչիսլավ Ռուսսուն, հայտարարել է, որ վարժանքների նպատակն է փորձարկել նոր և ժամանակակից սպառազինություն, ինչպես նաև իրականացնել փորձի փոխանակում Մոլդովայի և դաշնակից երկրների զինծառայողների միջև։
Մոլդովայից զորավարժությանը մասնակցում են զինծառայողներ խաղաղապահ զորքերի 22-րդ գումարտակից, մոտոհրաձգային 2-րդ բրիգադից, կապի գումարտակից, ինչպես նաև ԶՈւ ռազմական ակադեմիայի կուրսանտներ։
Վարժանքների ընթացքում ամերիկացի զինծառայողները կցուցադրեն 120 մմ M-120 և 60 մմ M-224 ականանետերով կրակ վարելու հմտություններ։ Ի դեպ ընտրված են այն ականանետեր, որոնք առկա են ինչպես Մոլդովայի, այնպես էլ ԱՄՆ-ի սպառազինությունում։
Հայտնի է նաև, որ վարժանքներն իրականացվելու են ուսումնական 21 վայրերում։