Հուլիսի 10-ին վրաց-օսական սահմանի Ծիթելուբանի, Խուրվալեթի և Օրչոսանի գյուղերի մերձակայքում` Գորի-Թբիլիսի մայրուղի ուղղությամբ, ռուսաստանցի սահմանապահներն ու օսական իշխանությունները հատուկ ցուցանակներ են տեղադրել, որոնք մատնանշում են վրաց-օսական սահմանը։
Այս կապակցությամբ Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՆԳՆ վերլուծական դեպարտամենտի տնօրեն Շալվա Էնուկիձեն և ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն տեղում ծանոթացել են իրավիճակին։
Խուրվալեթի գյուղում ՆԳՆ ներկայացուցիչն ասել է. «Ժնևյան բազմակողմ բանակցությունների համատեքստում, որտեղ վրաստանյան, օսական և աբխազական կողմերը փորձում են շփման կետեր գտնել, ՌԴ-ն միջազգային իրավունքի կոպիտ սխալ գործեց։ Սա տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված սադրանք է»։
Էնուկիձեն նաև արտահայտել է իր անհանգստությունը, քանի որ ցուցանակների տեղադրման արդյունքում օսական կողմում է մնացել Բաքու-Սուպսա (Վրաստանի սևծովյան ափ) նավթային խողովակաշարի մի հատված։
Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն էլ, ով հուլիսի 15-ին Պրահայում բանակցությունների սեղանի շուրջ պետք է հանդիպի ՌԴ փոխարտգործնախարարին, շեշտել է, որ թեև այս հարցը Վրաստան-Ռուսաստան բանակցությունների օրակարգում ներառված չի եղել, սակայն ինքը խոսելու է հենց սրա մասին։
«Հանդիպումը կսկսվի և կավարտվի այս թեմայով, քանի որ ավելի վաղ հայտարարվել էր, որ սահմանազատման գործընթացը դադարեցվել է»,— հայտնել է Աբաշիձեն։
Թեմայի վերավերյալ վրաստանյան «Իմեդի» հեռուստաընկերությունը Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիին հարցրել է, թե հնարավոր է վերսկսվեն մարտական գործողություններ, ինչին Խիդաշելին պատասխանել է. «Վրաստանի կառավարությունը ռազմավարական զսպման քաղաքականություն է որդեգրել Ռուսաստանի նկատմամբ և, հետևաբար, խոսք չի կարող լինել որևէ տեսակի մարտական գործողության մասին։ Այս տեսանկյունից Վրաստանի դիրքորոշումն անսասան է»։
Սրան զուգահեռ Խիդաշելին հավաստիացրել է նաև, որ մի օր Վրաստանը «հետ է բերելու ոչ միայն այս 20 մետրը կամ 2 կիլոմետրը, այլ իր օկուպացված տարածքի 20%-ը»։
Միջադեպի վերաբերյալ Հարավային Օսիայի նախագահի՝ հետհիմնախնդրային կարգավորման հարցով լիազոր ներկայացուցչի տեղակալ Խոխ Գագլոյթին հայտարարել է, որ Հարավային Օսիան միակողմանի թարմացրել է սահմանային նշանները, քանի որ Վրաստանը չի ցանկացել համատեղ աշխատել Հարավային Օսիայի հետ սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ։
Տեղեկացնենք նաև, որ վրաստանցի լրագրողներն այսօր՝ հուլիսի 14-ին, «Ոչ ռուսական օկուպացիային» ակցիայի շրջանակներում գնացել են Օրչոսանի գյուղ և հանել տեղադրված ցուցանակները, կոտրել դրանք։ Այս մասին հաղորդում է վրաստանյան Ռուսթավի-2 հեռուստաընկերության կայքը։
Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 12 – 18 հուլիսի, 2015 | Ռազմ.info