Վրաստանյան «Դելտա» կենտրոնը ներկայացրել է իր նոր դիպուկահար հրացանը

Վրաստանի «Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնը ներկայացրել է իր նոր դիպուկահար հրացանը՝ «Սատվարին»։ Սա հին վրացական բառ է, որով անվանել են դաշույնների տեսակներից մեկը։ Այս մասին հուլիսի 10-ին հայտնել է կենտրոնի պաշտոնական կայքը։

Վրաստանյան «Սատվարի» դիպուկահար հրացանը

Վրաստանյան «Սատվարի» դիպուկահար հրացանը

Ինչպես տեղեկացնում է կայքը, հրացանը պատրաստված է մոդուլային սխեմայով և կարող է օգտագործել տարբեր տեսակի և տրամաչափի փամփուշտներ, ինչպիսիք են՝ .308 Winchester, .300 WM, .300 Normal Magnum, .338 LM, .338 GBM, .375 GBM, .50 BMG: Փամփուշտի տեսակից կախված՝ դիպուկահար հրացանի արդյունավետ կրակի հեռավորությունը 800-ից 2500 մետր է: Հայտնի է, որ «Սատվարին» ունի հետևի կարգավորվող և առջևի հենակներ։ Փողին ամրացված է հնգախուց ակտիվ և ռեակտիվ փողային արգելակ։

Վրաստանյան «Новости-Грузия» լրատվամիջոցի հետ հարցազրույցում «Դելտա» կենտրոնի աշխատակից Գիգա Ինաշվիլին տեղեկացրել է, որ հրացանը կարող է տրամադրվել ինչպես պաշտպանության նախարարությանը, այնպես էլ անհատ պատվիրատուների։

Գիտահետազոտական «Դելտա» կենտրոնի կայքը հայտնում է նաև, որ այժմ հրացանը փորձարկման փուլում է և եթե փորձարկումները հաջող անցնի, կարող է սերիական արտադրության դրվել։

Հավելենք, որ «Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնը ստեղծվել է 1993 թվականին՝ ՊՆ ենթակայության տակ՝ երկրի ուժային կառույցների համար անհրաժեշտ արտադրանք տալու համար։
«Դելտան» արտադրում է զրահապատ մեքենաներ, ԱԹՍ-ներ, ականանետեր, ինչպես նաև արդիականացնում և մոդիֆիկացնում է զինտեխնիկա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *