Հայկական զինուժի կորուստները 2015-ի հունիսին. Ռազմինֆո

2015-ի հունիսի 1-ից 30-ը հայտարարվել է հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) 3 զոհի և 6 վիրավորի մասին։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայտարարվել է հայկական զինված ուժերում 7 կորստի մասին:

տարբերանշանՌազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:
Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։
Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։

Կորուստներ

Հունիս ամսվա 3 կորուստներից 1-ը մարտական է, մյուս 2-ը՝ ոչ մարտական։

Մարտական կորուստներ

Հունիսի 26-ին հակառակորդը Նախիջևանի հետ սահմանում, Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է խոշոր տրամաչափի զինատեսակներ և վարել ակտիվ կրակ, ինչի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանը։

Ոչ մարտական կորուստներ

Հունիսի 11-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել է ժամկետային զինծառայող, 1995թ. ծնված Էդգար Գենադիի Մելքոնյանը (Ռազմինֆոյի տվյալներով Մելքումյան)։

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):

Հունիսի 30-ին ՀՀ ԶՈւ՝ հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տարածքում հայտնաբերվել է լեյտենանտ Մավրիկ Խաչատուրի Մելիքյանը` գլխի շրջանում ստացած հրազենային գնդակային վնասվածքով։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ լեյտենանտ Մավրիկ Խաչատուրի Մելիքյանը իրեն ամրակցված «ՊՄ» տեսակի ատրճանակից կրակել է իր գլխի շրջանին և մահացել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։

Վիրավորներ

Հունիսի 1-ին Սիսիանի Անգեղակոթ գյուղի մոտ զինվորական «Ուրալ» մակնիշի մեքենա է շրջվել, ինչի հետևանքով վիրավորվել է 3 զինծառայող։ Սիսիանի հոսպիտալի պետ Կարեն Գրիգորյանը Ռազմինֆոյի հետ զրույցում նշել է, որ զինծառայողներից մեկը ստացել է անրակի (ուսը կրծքավանդակին միացնող ոսկոր) կոտրվածք: Մյուս երկու զինծառայողները ստացել են քերծվածքներ: Զինծառայողների վիճակը լավ է:

Հունիսի 26-ին հակառակորդը Նախիջևանի հետ սահմանի հայկական դիրքերի ուղղությամբ հրաձգության հետևանքով զոհված զինծառայողից բացի, ևս 3 պայմանագրային զինծառայող վիրավորվել էին։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ հայտնել էր նրանցից մեկի անունը՝ Արայիկ Սուրենի Ներսիսյան։ Ռազմինֆոյի հետ զրույցում մամուլի քարտուղարը վստահեցրել է, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։

Աղբյուրներ

Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ՀՀ քննչական կոմիտեն, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները և այլ բաց աղբյուրները։

2015թ. հայկական զինված ուժերում գրանցված կորուստներն են՝

Հունվար —12 զոհ և 8 վիրավոր
Փետրվար —6 զոհ և 1 վիրավոր
Մարտ — 8 զոհ և 4 վիրավոր
Ապրիլ—4 զոհ և 10 վիրավոր
Մայիս- 1 զոհ և 1 վիրավոր
Հունիս- 3 զոհ և 6 վիրավոր

Ադրբեջանական զինուժի կորուստները՝ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *