Հունիսի 30-ին՝ նախնական տվյալներով ժամը 13:00-ի սահմաններում, հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տարածքում հայտնաբերվել է լեյտենանտ Մավրիկ Խաչատուրի Մելիքյանը` գլխի շրջանում ստացած հրազենային գնդակային վնասվածքով: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ Մավրիկ Մելիքյանը մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին։ Դեպքի առթիվ կատարվում է քննություն։
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում Մավրիկ Մելիքյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, ասված է հաղորդագրությունում։
[Լրացում] ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, ըստ որի՝ հունիսի 30-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տարածքում, զինծառայող, լեյտենանտ Մավրիկ Խաչատուրի Մելիքյանը իրեն ամրակցված «ՊՄ» տեսակի ատրճանակից կրակել է իր գլխի շրջանին:
ՀՀ ՊՆ Վարդենիսի զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին լեյտենանտն ստացած մարմնական վնասվածքից ժամը 13:30-ի սահմաններում զինծառայողը մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը՝ պատժվում է առավելագույնը 5 տարի ազատազրկմամբ), կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 28 հունիսի – 4 հուլիսի, 2015 | Ռազմ.info