«Իսլամական պետության» գրոհայինները Թուրքիայի սահմանից ներխուժել են Քոբանի

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները այսօր՝ հունիսի 25-ի առավոտյան, Թուրքիայի Շանլըուրֆա սահմանային նահանգի տարածքից հարձակվել են Սիրիայի Քոբանի քաղաքի վրա։ Քրդական ուժերի հետ բախումներում զոհվել է 30 քաղաքացիական, վիրավորվել՝ 55-ը։ Այս մասին հայտնում է BBC լրատվական գործակալության թուրքական գրասենյակը։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններ

Թուրքիայի Շանլուրֆա նահանգի նահանգապետը, սակայն, հերքել է ԻՊ-ի գորհայինների՝ Թուրքիայի տարածքից Սիրիա ներխուժելու փաստը։

Ցանկացած դեպքում Սիրիայի մեծամասամբ քրդաբնակ Ռոյովա նահանգի Քոբանի քաղաքում դեռևս շարունակվում են ԻՊ-ի գրոհայինների և քրդական «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատի» (YPG) մարտիկների միջև բախումները։

Քրդական ուժերի մամուլի խոսնակ Շերվան Դեվրիշը հայտարարել է, որ այժմ ԻՊ-ի գրոհայինները շրջափակման մեջ են։ Նա նաև նշել է, որ իսլամական գրոհայինները քաղաք են ներխուժել Թուրքիայից՝ հավելելով, որ վերջիններս սահմանն անցկացրել են նաև ռումբերով բեռնված մեքենաներ, որոնցից երկուսը պայթեցրել են սահմանի մոտ, ինչի հետևանքով զոհվել է երկու քուրդ մարտիկ։

Նշենք, որ YPG-ի մարտիկներին հունիսի 23-ին հաջողվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից գրավել Այն Իսա քաղաքը և քաղաքում տեղակայված ռազմաբազան ու ԻՊ-ի գրոհայիններին 7 կմ հետ մղել, որից հետո վերջիններս սկսել են փախչել Ռաքքա քաղաքի ուղղությամբ, որը դեռևս գտնվում է ԻՊ-ի ձեռքում։

Հավելենք, որ քրդական YPG-ի և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման մարտիկներին հունիսի 16-ին վերջնականապես հաջողվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տիրապետությունից ազատագրել նաև Թուրքիայի սահմանակից Թել Աբյադ քաղաքը և անցակետը։

Հիշեցնենք, որ Սիրիայի Քոբանի քաղաքը 2014-ի սեպտեմբերից շարունկավող մարտերից հետո հունվարի 26-ին ազատագրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներից և անցել տեղի քրդերի հսկողության տակ: Վերջիններս այդ ամիսների ընթացքում աջակցություն են ստացել Հյուսիսային Իրաքի ինքնավարության Փեշմերգե զորաջոկատներից և «Սիրիայի Ազատ բանակից», ինչպես նաև «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայից:

Տեղին է ավելացնել, որ որ արաբական Aljazeera հեռուստաալիքի 2014-ի նոյեմբերի 29-ին տարածած տեղեկության համաձայն «Իսլամական պետություն» խմբավորման անդամներն այն ժամանակ ևս Թուրքիայի տարածքից էին հարձակվել Քոբանիի վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *