Ռուսաստանում ռոբոտների ստորաբաժանումների միանձնյա ղեկավարման համակարգ են փորձարկում

Ռուսաստանյան «Միավորված սարքաշինական կորպորացիան» նախագծել է ռոբոտների, այդ թվում՝ ԱԹՍ-ների և ցամաքային ռոբոտիզացված մեքենաների, խմբերի միաժամանակյա ու կենտրոնացված, միանձնյա ղեկավարման համակարգ, որը թույլ է տալիս առաջադրանք տալ ռոբոտներին, իսկ ռոբոտներն իրենք իրար մեջ են բաշխում առաջադրանքի առանձին մասերն ու կատարում դրանք ինքնուրույն: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը:

Ռուսաստանի զինված ուժերի «Պլատֆորմա-Մ» զրահապատ մարտական ռոբոտ

Ռուսաստանի զինված ուժերի «Պլատֆորմա-Մ» զրահապատ մարտական ռոբոտ

Ներկայում Ռուսաստանում ամեն ռոբոտի կամ անօդաչու թռչող սարքի ղեկավարմանը մասնակցում է առնվազն մեկ օպերատոր, իսկ համակարգը թույլ կտա մի օպերատորին ղեկավարել միանգամից մի քանի սարքերից կազմված «ստորաբաժանում»:

Ընդ որում՝ հրահանգը ստանալուց հետո սարքերն «իրար հետ շփվելով» կարող են բաշխել առաջադրանքի հատվածները, մի սարքի՝ շարքից դուրս գալու դեպքում փոխարինել նրան, հաղթահարել խոչընդոտներ, հետևել տրված թիրախին, օպերատորից թույլտվություն խնդրել դրա ոչնչացման համար կամ ինքնուրույն ոչնչացնել այն:

Ներկայում ղեկավարման համակարգչային ծրագիրը փորձարկումների փուլում է և հայտնի չէ, թե երբ այն կկիրառվի իրական տեխնիկայի ղեկավարման մեջ: Նախագծողները նշում են, որ փորձարկումների ավարտից հետո համակարգը հնարավոր կլինի կիրառել ոչ միայն ռազմական նպատակներով, այլև պարեկության ու հսկողության, որոնողափրկարարական առաջադրանքներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *