Ղազախստանի ԶՈւ երեք միավոր հրթիռային նավեր հունիսի 25-ից հուլիսի 2-ը ուսումնամարտական կրակով ուղեկցվող շրջայց կկատարեն Կասպից ծովի ավազանի մյուս պետությունների սահմանների երկայնքով։ Այս մասին հունիսի 25-ին հայտնում է Ղազախստանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Շրջայցին ներգրավվելու են «Ղազախստան», «Օրալ» և «Սարըարքա» հրթիռային նավերը։ ՌԴ, Ադրբեջանի, Թուրքմենստանի և Իրանի ջրային սահմանների երկայնքով:
Շրջայցի հիմնական նպատակը Կասպից ծովի ավազանի ուսումնասիրությունն է։ Շրջայցի ընթացքում ռազմանավերի անձնակազմը հրազենով ուսումնական կրակ կարձակի լողացող թիրախների ուղղությամբ Ղազախստանի ջրային սահմանների ներսում։
Ղազախստանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրւթյունում հատուկ կերպով շեշտվում է այն հանգամանքը, որ Կասպից ծովը հսկայական տնտեսական նշանակություն ունի երկրի համար և վերջինիս սահմանների պաշտպանությունը Ղազախստանի ԶՈւ ՌԾՈւ գլխավոր խնդիրն է։
Հավելենք նաև, որ միայն վերջին երեք տարվա ընթացքում՝ 2012-ից 2015 թթ. Ղազախստանի ԶՈւ ռազմածովային ուժերի սպառազինությունը համալրվել է երեք միավոր հրթիռային նավերով, որոնք արտադրվել են ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած «Ուրալսկի զավոդ – Զենիթ» ընկերության արտադրամասում։
Հիշեցնենք նաև, որ 2014-ի սեպտեմբերին կասպյան 5 երկրների ղեկավարների մասնակցությամբ անցկացված հինգերորդ գագաթաժողովում ՌԴ-ի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի և Ղազախստանի նախագահները կնքել էին մի շարք կարևոր համաձայնագրեր։ Ըստ ձեռք բերված համաձայնություններից մեկի՝ «կողմերի գործունեությունը Կասպից ծովում իրականացվելու է առափնյա ջրային տարածքից մինչև 15 մղոն հեռավորության համար ազգային սուվերենության և ևս 10 մղոն հեռավորության վրա ջրային բիոլոգիական ռեսուրսների արդյունահանման համար բացառիկ իրավունքների սկզբունքների հիման վրա (ընդհանուր՝ 25 մղոն), իսկ նշված հեռավորությունից այն կողմ տարածվող ջրային տարածքը լինելու է ընդհանուր»։
Չնայած դրան՝ Կասպից ծովի շուրջ իրավիճակը մշտապես պարունակել է ներքին լարվածության տարրեր, ինչը հիմնականում կապված է ծովի ավազանի էներգակիր հանքահորերի շահագործման հետ։ Կասպից ծովի ավազանի 5 պետությունները մշտապես անցկացնում են պարեկային շրջայցեր, նավատորմը համալրում են նոր ռազմանավերով, ինչպես նաև արդիականացնում են հները։
Պարեկային շրջայցին մասնակցող նավերի թվում ամենադյուրաշարժը «Սարըարկան» է, որը թվով 21-րդ նավն է և երրորդ հրթիռայինը ՝ կառուցված Ուրալի «Զենիտ» գործարանի կողմից։
250 տոննա կշռող նավը նախագծվել ու կառուցվել է Ղազախստանի պաշտպանության նախարարության պատվերով։ Առավելագույն արագությունը 70 կմ/ժ է, անձնակազմը 31 հոգի։
Ռազմանավը համալրված է հրթիռահրետանային, նավիգացիոն ու կապի համակարգերով։ Նավի ռադիոտեղորոշման կայանը թույլ է տալիս շրջադիտարկել ավելի քան 40 կմ հեռավորության վրա տեղակայված օբյեկտները։