ՆԱՏՕ-ն եռապատկելու է արագ արձագանքման ուժերի քանակը

ՆԱՏՕ անդամ պետությունների պաշտպանության նախարարները հունիսի 24-ին Բրյուսելում որոշել են ընդլայնել Դաշինքի արագ արձագանքման ուժերի կարողությունը և դրա անձնակազմի քանակը 13 հազար զինծառայողից հասցնել 40 հազարի: Այս մասին տեղեկացնում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը:

ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ստորաբաժանում

ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ստորաբաժանում

Սա, ըստ Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, ևս մեկ քայլ է փոփոխվող մարտահրավերներին ՆԱՏՕ-ի պատրաստության մակարդակը բարձրացնելու համար:

Որոշումների ընդունման գործընթացն արագացնելու համար նախարարների խորհուրդը որոշել է նաև ստեղծել Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակցային ուժերի հրամանատարին կից օրգան, որը ՆԱՏՕ-ի ղեկավարությունից քաղաքական որոշում ստանալուց հետո զինված ուժերը արագ կբերի մարտական պատրաստության աստիճանի:

Նախարարները նաև վերջնական հաստատել են Արևելյան Եվրոպայի վեց երկրներում՝ Բուլղարիայում, Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում և Ռումինիայում, հրամանատարական կենտրոններ հիմնելու վերաբերյալ որոշումը, որի մասին խոսակցություններ կային դեռևս 2015թ. փետրվարին: Կենտրոնները կօժանդակեն զորավարժությունների կազմակերպմանը, ինչպես նաև պահեստային ուժ կլինեն ՆԱՏՕ-ի ուժերը համալրելու անհրաժեշտության դեպքում: Նախատեսված է, որ կենտրոններից ուրաքանչյուրը կունենա 40 հոգանոց անձնակազմ:

ՆԱՏՕ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ժամանակ որոշվել է նաև ստեղծել թիկունքային ապահովման կենտրոն՝ անհրաժեշտության դեպքում ՆԱՏՕ-ի զիված ուժերի արագ տեղափոխմանն օժանդակելու համար:

Նախարարները քննարկել են նաև ՆԱՏՕ անդամ երկրների ռազմական ծախսերը և որոշել հաջորդ տասնամյակի ընթացքում դրանք ավելի մեծացնել: ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ անդամ պետությունները ռազմական ծախսերի համար հատկացնեն երկրի ՀՆԱ-ի 2 տոկոսը, մինչդեռ ներկայում միայն մի քանի պետություն է, որ հատել է այդ նշաձողը: ՆԱՏՕ անդամ պետությունների 2014-2015թթ. ռազմական ծախսերը կարող եք տեսնել այստեղ:

ՆԱՏՕ անդամ պետությունների ռազմական ծախսերը երկրների ՀՆԱ-ի համեմատ

ՆԱՏՕ անդամ պետությունների ռազմական ծախսերը երկրների ՀՆԱ-ի համեմատ

Բացի այդ, վերջին շրջանում ՆԱՏՕ-ն նաև մի շարք զորավարժոթություններ է կազմակրել Արևելյն Եվրոպայում և Բալթյան ավազանում:

Ու թեև ՆԱՏՕ-ի բարձր օղակներից հայտարարում են, որ Դաշինքի ուժերի հզորացումը, զորավարժութունները ուղղված չեն որևէ երկրի դեմ, սակայն ակնհայտ է, որ այս քայլերն ուղղված են ՆԱՏՕ-ի արևելյան սահմանն ամրապնդելուն, քանի որ հենց այդ ուղղությունից՝ Ստոլտենբերգի ձևակերպմամբ՝ ակտիվացող Ռուսաստանից է սպասվում վտանգ: Այս մասին Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է մայիսի 27-ին:

Այս հայտարարությունից հետո՝ վերջին ամսվա ընթացքում, ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հայտարարությունների մակարդակով հակամարտությունը հասել է միջուկային զենքի մասին հիշատակումներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *