Ռումինիայում հունիսի 18-ին մեկնարկել է ՆԱՏՕ-ի դաշնակցային գործողությունների միացյալ ուժերի (Նեապոլ), արձագանքման ուժերի և կենտրոնական հրամանատարության Trident Joust 2015 զորավարժությունը, որին մասնակցում է 25 պետության շուրջ 1000 զինծառայող: Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի դաշնակցային հրամանատարության գործողությունների կայքը:
Trident Joust 2015-ը զորավարժության շրջանակում առաջին անգամ ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարության գլխավոր շտաբերը տեղակայել են Ռումինիայում, իսկ թիկունքային աջակցության միացյալ ուժերի գլխավոր շտաբերը՝ Բուլղարիայում:
«Այս զորավարժության նպատակը դաշնակցային միացյալ ուժերի՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանական գործողություններն առաջնորդելու կարողությունների փորձարկումն է», — հայտարարոթյան մեջ նշել է ՆԱՏՕ-ի ԶՈւ ծովակալ Մարկ Ֆերգուսոն:
Trident Joust 2015-ը, որը շարունակվելու է մինչև հունիսի 28-ը, ինչպես Saber Strike-ը, Noble Jump-ը և BALTOPS-ը ՆԱՏՕ-ի Allied Shield (Դաշնակից վահան) զորավարժությունների շարքից է: Ֆերգուսոնը նշել է, որ այս զորավարժությունները ցույց են տալիս, որ ՆԱՏՕ-ն վերափոխվում և հարմարվում է նոր մարտահրավերներին:
Հիշեցնենք, որ որպես ՆԱՏՕ-ի արևելյան սահմանների մարտահրավեր վերջերս դիտարկվում է Ռուսաստանը: Դաշինքի քարտուղար Յենս Ստոլտենբերգը մայիսի 27-ին Վաշինգտոնում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի արևելյան ուղղությամբ աճող մարտահրավեր է ակտիվացող Ռուսաստանը, որը, քարտուղարի խոսքով, բռնակցել է Ղրիմը, օգնում է Ուկրաինայի արևելքում կռվող անջատողականներին, ոտնահարում է այնպիսի կանոններ, ինչպիսիք են սահմանների անձեռնմխելիությունը, երկրների անկախությունը, ռազմական գործունեության (ակտիվության) թափանցիկությունը և հակամարտությունների դիվանագիտական ճանապարհով լուծման քաղաքականությունը:
Ավելացնենք, որ ներկայում Ռումինիայում ընթացքի մեջ է նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ROUSOFEX 15 միջազգային զորավարժությունը, որը թեև ՆԱՏՕ-ի զորավարժություններից չէ, սակայն դրան մասնակցում են ՆԱՏՕ անդամ և գործընկեր պետությունների հատուկ ստորաբաժանումները: