Եվրոպայում ընթացքի մեջ է ՆԱՏՕ 4 զորավարժություններից կազմված շարքը

Եվրոպայում ընթացքի մեջ է ՆԱՏՕ-ի Allied Shield զորավարժությունների շարքը, որի ընթացքում անցկացվում են Noble Jump, Baltops, Saber Strike և Trident Joust զորավարժությունները: Բացի այդ, Հունգարիայում առանձին անցկացվում է ՆԱՏՕ-ի Smart Energy զորավարժությունը:

ՆԱՏՕ պաշտոնական կայքի համաձայն՝ զորավարժություններն անցկացվելու են հունիս ամսվա ընթացքում: Ընդհանուր առմամբ զորավարժություններին մասնակցում է ՆԱՏՕ-ի, Դաշինքի անդամ և գործընկեր պետությունների շուրջ 16400 զինծառայող:

Անվանումը Ժամկետը Անձնակազմը
Baltops 2015 հունիսի 5-20 5600 զինծառայող
Sabre Strike 15 հունիսի 8-19 6000 զինծառայող
Noble Jump հունիսի 10-21 2100 զինծառայող
Trident Joust հունիսի 17-28 1000 զինծառայող
Smart Energy հունիսի 8-19 1700 զինծառայող

ՆԱՏՕ-ի մասնակցությամբ ևս մեկ զորավարժություն երեկ՝ հունիսի 8-ին, մեկնարկել է Թուրքիայում: Զորավարժությանը մասնակցում է շուրջ 100 միավոր ինքնաթիռ, ուղղաթիռ և այլ ռազմական տեխնիկա, սակայն անձնակազմի քանակի մասին տեղեկություններ հայտնի չեն:

Զորավարժությունների մասին իհարկե նախապես հայտնի է եղել, սակայն հետաքրքիր է հետևել դրանց ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի վերջերս հնչեցրած հայտարարությունների լույսի ներքո:

Խոսելով ՆԱՏՕ-ի մարտահրավերների մասին՝ Դաշինքի քարտուղար Յենս Ստոլտենբերգը մայիսի 27-ին Վաշինգտոնում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի արևելյան ուղղությամբ աճող մարտահրավեր է ակտիվացող Ռուսաստանը, որը, քարտուղարի խոսքով, բռնակցել է Ղրիմը, օգնում է Ուկրաինայի արևելքում կռվող անջատողականներին, ոտնահարում է այնպիսի կանոններ, ինչպիսիք են սահմանների անձեռնմխելիությունը, երկրների անկախությունը, ռազմական գործունեության (ակտիվության) թափանցիկությունը և հակամարտությունների դիվանագիտական ճանապարհով լուծման քաղաքականությունը:

Հատկանշական է նաև, որ այս պայմաններում բրիտանական ավիացիան «Բաց երկնքի մասին» պայմանագրի շրջանակներում դիտարկումային թռիչքներ է կատարելու՝ Բելառուսի և Ռուսաստանի տարածքներում ռազմական ակտիվությանը հետևելու նպատակով:

Իսկ Ստոլտենբերգի բնորոշմամբ՝ «Արևելյան սպառնալիք» Ռուսաստանում, բաց աղբյուրների համաձայն, ներկայում խոշոր զորավարժություններ չեն անցկացվում: (Ռուսաստանն ու Եգիպտոսը ռազմածովային զորավարժություն են իրականացնում Միջերկրական ծովում): Զորավարժություն ներկայում անցկացվում է Բելառուսում՝ Ուկրաինայի հետ սահմանին, սահմանային վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով:

One response to “Եվրոպայում ընթացքի մեջ է ՆԱՏՕ 4 զորավարժություններից կազմված շարքը

  1. Pingback: BALTOPS-2015-ի ժամանակ խորտակվել է լեհաստանյան բանակի ամֆիբիա փոխադրիչ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *