BALTOPS-2015-ի ժամանակ խորտակվել է լեհաստանյան բանակի ամֆիբիա փոխադրիչ

Այսօր՝ հունիսի 17-ին, Բալթիկ ծովում  ընթացող BALTOPS-2015 զորավարժության ժամանակ լեհաստանյան  բանակի PTS լողացող փոխադրիչը (ամֆիբիա) հերթական մանևրի ժամանակ խորտակվել է, անձնակազմը հասցրել է փրկվել։ Այս մասին հայտնում է ամերիկյան բանակի պաշտոնական Stars and Stripes ամսագրի կայքը։

Ամֆիբիայի անձնակազմին տեղափոխում են ափ Նկարը՝ AP գործակալության

Ամֆիբիայի անձնակազմին տեղափոխում են ափ
Նկարը՝ AP գործակալության

Հայտնի է, որ  ամֆիբիայի անձնակազմը 3 հոգուց է բաղկացած եղել, նրանց կարողացել են  տեղափոխել Լեհաստանի  Ուստկա  քաղաքի նավահանգիստ։ Խորտակված տեխնիկան ծովի հատակից կբարձրացնեն զորավարժության ավարտից հետո։

Հիշեցնենք, որ հունիսի 5-20-ը Բալթիլկ ծովում ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում  անցկացվում է ՆԱՏՕ-ի BALTOPS-2015 ծովային զորավարժությունը: Այն կազմակերպում է ԱՄՆ ռազմածովային ուժերը։

Մասնակցում են Բելգիան, Կանադան, Դանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լատվիան, Լիտվան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ գործընկերներ Ֆինլանդիան, Շվեդիան և Վրաստանը:  Վարժանքներին ներգրավված է ընդհանուր թվով 5600 զինծառայող,  49 նավ, 61 ինքնաթիռ։  Լեհաստանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ առաջին  անգամ զորավարժությանը չի մասնակցի Ռուսաստանը

Զորավարժությունն իրականացվում է  Բալթիկ ծովում, ինչպես նաև Շվեդիայի, Գերմանիայի և Լեհաստանի տարածքներում։ Հայտնի է, որ ՆԱՏՕ-ի ուժերը կայանել են լեհաստանյան Գդինյա նավահանգստում։

BALTOPS (Baltic Operations) ամենամյա զորավարժության նպատակը ՆԱՏՕ անդամ և գործընկեր պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների համատեղ գործողությունների վարժեցումն է, ինչպես նաև Բալթյան տարածաշրջանի սպառնալիքների դիմակայումը: Վարժանքների ընթացքում ստորաբաժանումները կատարելու են հակաօդային պաշտպանության, հականավային, հակասուզանավային ու դեսանտային գործողություններ:

BALTOPS-ն անցկացվում է 1972 թվականից։ Նախկինում ներգրավվում էին միայն ՆԱՏՕ-ի ուժերը, իսկ 1993 թվականից հրավիրվում են նաև նոր մասնակիցներ։

Տեղեկացնենք, որ BALTOPS-ը, ինչպես Saber Strike-ը, Noble Jump-ը և Trident Joust-ը Allied Shield (Դաշնակից վահան) զորավարժությունների շարքից է։

One response to “BALTOPS-2015-ի ժամանակ խորտակվել է լեհաստանյան բանակի ամֆիբիա փոխադրիչ

  1. Pingback: Ռումինիայում և Բուլղարիայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի Trident Joust 2015 զորավարժությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *