Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2015-ի մայիսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրվել է մահվան 3 դեպք, վիրավորման դեպքեր չեն արձանագրվել։ Հարկ է նշել, որ մահվան ելքով հայտնի դարձած 3 միջադեպերից և ոչ մեկը մինչ օրս տեղ չի գտել Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրություններում։ Մահացածներից 2-ը եղել են զինված ուժերի, իսկ 3-րդը՝ ԱԻՆ զորամասերից մեկի զինծառայողներ։ Նշենք նաև, որ ըստ մահվան պատճառնեների, դեպքերից 2-ը նախնական վարկածով սպանություն են, մեկը՝ ինքնասպանություն։
Մայիսի 5-ին սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերից հայտնի դարձավ, որ երկրի զինված ուժերի զորամասերից մեկում նույն օրը գրանցվել է սպանության դեպք։ Համաձայն տեղեկության՝ ծառայակցի կողմից սպանվել էր 1995-ին ծնված և Թարթառի շրջանից զորակոչված Ռաուֆ Բունյադզադեն (Rauf Bünyadzadə)։ Նշվում էր նաև, որ նա սպանվել է դանակահարության հետևանքով։
Մայիսի 7-ին սոցիալական ցանցերից Ռազմինֆոյին հայտնի դարձավ՝ Նախիջևանի առանձին համազորային բանակի զորամասերից մեկում գրանցված ինքնասպանության դեպքի մասին, որն այդպես էլ տեղ չգտավ պաշտոնական լրահոսում։ Տեղեկության համաձայն՝ զինծառայող Իսմայիլզադե Նյուսրեթ Ֆիքրեթ օղլուն (Ismayılzadə Nüsrət Fikrət oğlu) ինքնասպանություն է գործել՝ կրակելով իրեն ամրակցված ծառայողական զենքից։ Հայտնի է նաև, որ զինծառայողին հուղարկավորել են Մինգեչաուր քաղաքում։
Մայիսի 23-ին հայտնի դարձավ, որ դրա նախօրեին՝ մայիսի 22-ի երեկոյան, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության՝ Բաքվում տեղակայված զորամասերից մեկում, գրանցվել է միջադեպ, որի հետևանքով մահացել է ժամկետային զինծառայող, 1992-ին ծնված Բաբաշով Թափդըգ Ալիզաման օղլուն (Babaşov Tapdıq Əlizaman oğlu)։ Ըստ շրջանառվող վարկածի՝ զինծառայողը մահացել էր՝ ընկնելով 4-րդ հարկից։ Մահացածի ազգականներից մեկը, սակայն, սոցիալական ցանցերում հայտնել էր, որ Բաբաշովի ձեռքերին եղել են հետքեր, որոնք, ազգականի կարծիքով, առաջացել են պարանով կապված լինելու հետևանքով։
Մայիսի 25-ին համացանցում հրապարակվեց նաև Թափդըգ Բաբաշովի մոր տեսաուղերձը, որում նա կոչ էր անում վերջ դնել ադրբեջանական բանակում զինծառայողների մահվան բազմաթիվ դեպքերին։ Ուշագրավ է նաև այն, որ զինծառայողի մահվան հաջորդ օրը համացանցում տարածվեց 2013-ի հունվարի 12-ի նրա լուսանկարը՝ արված Ադրբեջանի զինուժում զինվորների և սպաների՝ ոչ մարտական պայմաններում մահվան դեմ բողոքի հանրահավաքում։ Նման պարագայում չի կարելի բացառել, որ Բաբաշովի հետ հաշվեհարդար են տեսել իր քաղաքական հայացքների համար։
Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի մայիսին. Ռազմինֆո | Ռազմ.info