Ադրբեջանում ժամկետային զինծառայությունում մահացած ակտիվիստի մայրը հանդես է եկել տեսաուղերձով

Մայիսի 23-ին Ադրբեջանի ԱԻՆ զորամասերից մեկում մահացած զինծառայողի մայրը հանդես է եկել տեսաուղերձով, որում կոչ է արել վերջ դնել ադրբեջանական բանակում զինծառայողների մահվան բազմաթիվ դեպքերին։ Դեռևս չճշտված հանգամանքներում մահացած զինծառայողի մոր էմոցիոնալ ելույթը մայիսի 25-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին։

Բաբաշովի մայրը՝ մահացած որդու նկարը ձեռքին

Բաբաշովի մայրը՝ մահացած որդու նկարը ձեռքին

Իր ելույթում մահացած զինծառայողի մայրը պատմում է, որ որդին ավարտել է Բաքվի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, ինչից հետո մեծ ոգևորությամբ և հայրենասիրության զգացումով 2015-ի ապրիլին մեկնել ժամկետային զինծառայության, սակայն մայիսի 22-ին մահացել է, քանի որ նրան գցել են զորամասի տարածքում գտնվող շենքի 4-րդ հարկից։ Բաբաշովի մայրը նշում է նաև՝ չի ուզում, որ իրենից հետո որևէ զինծառայողի մայր արցունք թափի որդու համար, այդ պատճառով կոչ է անում բոլոր զինվորների մայրերին միավորվել՝ զինծառայողների մահվան դեպքերին վերջ դնելու համար։

Հարկ է նշել, որ սույն տեսաուղերձը կայծակնային արագությամբ տարածվեց սոցցանցերում, ադրբեջանցի օգտատերերի շրջանում առաջացնելով բողոքի մեծ ալիք՝ իշխանությունների հասցեին։ Շատերի մոտ վրդովմունք է առաջացրել նաև այն, որ չնայած զոհվածի մայրը որդու նկարը ձեռքին խոսում է իր վշտի մասին, այդուհանդերձ, պաշտոնական կառույցները շարունակում են Բաբաշովի մահվան փաստը պահել գաղտնի։

Բաբաշով Թափդըգի մահվան մասին հայտնի դարձավ մայիսի 23-ին՝ այն բանից հետո, երբ այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրեց մահացածի մորաքրոջ որդին։ Նա հայտնել էր նաև, որ մահացածի ձեռքերին եղել են կապտուկներ, որոնք նման են կապված պարանի հետքերի։

Հետաքրքիր է նաև այն, որ զինծառայողի մահվան հաջորդ օրը համացանցում տարածվեց 2013-ի հունվարի 12-ի նրա լուսանկարը՝ արված Ադրբեջանի զինուժում զինվորների և սպաների՝ ոչ մարտական պայմաններում մահվան դեմ բողոքի հանրահավաքում։ Նման պարագայում չի կարելի բացառել, որ Բաբաշովի հետ հաշվեհարդար են տեսել իր քաղաքական հայացքների համար։

Թափդըգ Բաբաշովը զինծառայողների՝ ոչ մարտական պայմաններում մահվան դեմ բողոքի հանրահավաքին

Թափդըգ Բաբաշովը զինծառայողների՝ ոչ մարտական պայմաններում մահվան դեմ բողոքի հանրահավաքին

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռազմինֆոն հայտնել էր Ադրեբջանի ԱԻՆ՝ Բաքվում տեղակայված զորամասերից մեկում մայիսի 22-ին տեղ գտած մահվան ելքով միջադեպի մասին։ Նախնական վարկածով 4-րդ հարկից ընկած զինծառայող Բաբաշով Թափդըգ Ալիզաման օղլուն մահացել է միջադեպից մեկ օր անց՝ հոսպիտալում, այդպես էլ չգալով գիտակցության։

One response to “Ադրբեջանում ժամկետային զինծառայությունում մահացած ակտիվիստի մայրը հանդես է եկել տեսաուղերձով

  1. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի մայիսին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *