2015-ի մայիսի 1-ից 31-ը հայտարարվել է հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) 1 զոհի և 1 վիրավորի մասին։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայտարարվել է հայկական զինված ուժերում 5 կորստի մասին:
Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:
Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։
Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։
Կորուստներ
Մայիս ամսվա միակ կորուստը ոչ մարտական է, գրանցվել է Պաշտպանության բանակում։
Ոչ մարտական կորուստներ
Մայիսի 8-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահության ժամանակ մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հարություն Հրայրի Համբարյանը։ Նույն օրը զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։
Մայիսի 26-ին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ «Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի ավագ հրաձիգ-զենիթահար, շարքային Դ. Հարությունյանին»։
Դ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով և (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով) և 360-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձեւով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից)։
Վիրավորներ
Մայիսի 19-ին հայաստանյան Yerevan News լրատվական կայքը տեղեկացրեց, որ մայիսի 10-ին Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող, շարքային, 1973 թ. ծնված Արմեն Սամվելի Գյոզալյանը։ Զինծառայողը վիրավորվել է հակառակորդի գնդակից։ Ռազմինֆոյի հետ զրույցում պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը լուրը հաստատել էր՝ հավելելով, որ զինծառայողի վիճակը կայուն է։
Աղբյուրներ
Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ՀՀ քննչական կոմիտեն, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները և այլ բաց աղբյուրները։
Այսպիսով՝
Հունվար —12 զոհ և 8 վիրավոր
Փետրվար —6 զոհ և 1 վիրավոր
Մարտ — 8 զոհ և 4 վիրավոր
Ապրիլ—4 զոհ և 10 վիրավոր
Մայիս- 1 զոհ և 1 վիրավոր
Ադրբեջանական զինուժի կորուստները՝ այստեղ