ՀՀ նախագահը Իտալիայի ՊՆ-ում քննարկել է երկկողմ ռազմական գործակցությունը և Արցախի հիմնահարցը

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 9-ին, հանդիպել է Իտալիայի  պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիին: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների ռազմական ոլորտի երկկողմ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:

Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտին ընդունել է ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությանը

Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտին ընդունել է ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի նախագահը և Իտալիայի պաշտպանության նախարարը կարևորել են փաստը, որ ռազմական ոլորտում հայ-իտալական համագործակցությունը չի սահմանափակվում երկկողմ ձևաչափով և ընդգրկում է նաև խաղաղապահության ոլորտը. առաջին միջազգային առաքելությունը, որին միացել է Հայաստանը դեռևս 2004թ., ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունն է Կոսովոյում, որին հաջորդեցին Աֆղանստանի և Իրաքի առաքելությունները:

Սերժ Սարգսյանը նշել է, որ անցյալ տարվա նոյեմբերից նաև տիկին Պինոտիի անմիջական ջանքերի շնորհիվ, 32 հայ խաղաղապահ ծառայություն են իրականացնում Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո (Շամա զինավանի անվտանգության ապահովում)։

Հայ-իտալական ռազմական գործակցության օրակարգում կարևորելով նաև կրթության բնագավառը՝ նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել նաև Իտալիայի ֆինանսավորմամբ հայ զինծառայողների բարձր որակի կրթություն են ստանալն Իտալիայում: Նախագահը որպես համագործակցության հաջողված օրինակ է բերել Իտալիայի ռազմական ակադեմիայի շրջանավարտ Արտաշես Դանիելյանին, ով Լիբանանում ՀՀ ԶՈւ խաղաղապահ զորախմբի հրամանատարն է:

Հայաստանի պատվիրակության անդամները Իտալիայի պաշտպանության նախարարությունից տեսակապով զրուցել են Լիբանանում իտալական զորախմբի կազմում ծառայություն անցնող հայաստանցի խաղաղապահների հետ

Հայաստանի պատվիրակության անդամները Իտալիայի պաշտպանության նախարարությունից տեսակապով զրուցել են Լիբանանում իտալական զորախմբի կազմում ծառայություն անցնող հայաստանցի խաղաղապահների հետ

Կողմերը քննարկել են նաև Արցախյան հիմնահարցի և Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր:

Հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ մասնակցել է պաշտպանության նախարարությունում կազմակերպված տեսակոնֆերանսին, որն անցկացվել է Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո համատեղ խաղաղապահ գործողություն իրականացնող հայ և իտալացի զինվորների հետ:

Ավելացնենք, որ ՀՀ ԶՈւ խաղաղապահները ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության իտալական զորախմբի կազմում Լիբանանում ծառայություն են կրում 2014թ. նոյեմբերից: ՀՀ ԶՈւ զինծառայողների 30 հոգանոց դասակը և 2 շտաբային սպաները Լիբանանում հսկում են ՄԱԿ-ի զինավանի անվտանգությունը:

ՀՀ ԶՈւ խաղաղապահների առաջին խումբը Լիբանան է մեկնել 2014թ. նոյեմբերի 27-ին: Առաքելությանը Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի ավելացնել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումների փորձառությունը:

2 responses to “ՀՀ նախագահը Իտալիայի ՊՆ-ում քննարկել է երկկողմ ռազմական գործակցությունը և Արցախի հիմնահարցը

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 5-11 ապրիլի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմարդյունաբերական ոլորտում հայ-իտալական համատեղ ծրագրերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *