ԱՄՆ-ն կարող է դադարեցնել զորախմբերի դուրսբերումն Աֆղանստանից մինչև 2016 թվականը

ԱՄՆ ղեկավարությունը մտադիր է պահել աֆղանստանյան զորախմբի թվաքանակը՝ հրաժարվելով մինչև 5500-ի նվազեցնելու վերաբերյալ երկկողմ պայմանագրից։ Որոշումը կապված է Աֆղանստանի տարածքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտության հետ։ Այս մասին մարտի 16-ին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։

ԱՄՆ զինծառայողներ՝ Աֆղանստանում

ԱՄՆ զինծառայողներ՝ Աֆղանստանում

Նշվում է, որ վերջնական որոշում դեռևս չկա, սակայն ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ նախագահ Օբաման Աֆղանստանի իր պաշտոնակից Աշրաֆ Հանի Ահմադզայի՝ մարտի կեսերին սպասվող այցի ժամանակ վերջինիս հետ քննարկելու է ամերիկյան 9800 հոգանոց զորախումբը մինչև 2016 թվականը Աֆղանստանում պահելու հարցը։

Կողմերը բանակցում են նաև 2015-ին ՆԱՏՕ-ի հակաահաբեկչական զորախումբը պահպանելու՝ ներառյալ նաև այդ զորախմբի մի մասի մինչև 2016-ն Աֆղանստանում թողնելու հարցերը։

Աֆղանստանում ծառայող հակաահաբեկչական 2000 հոգանոց զորախումբի ղեկավարները հայտարարել են, որ առաջիկայում զորախումբը շարունակելու է օժանդակել աֆղանական զորքերին՝ «Թալիբան» շարժման դեմ տարվող պայքարում։, ինչպես նաև հետապնդելու է «ալ-Քաիդա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների անդամներին Աֆղանստանի տարածքում, քանի որ վերջիններս ակտիվ գործունեություն են ծավալում։

Նշենք, որ Աշրաֆ Հանին և Աֆղանստանում ԱՄՆ դեսպան Ջեյմս Քանինհեմը 2014թ. սեպտեմբերի 30-ին մայրաքաղաք Քաբուլում ստորագրել էին անվտանգության պայմանագիր, որով ԱՄՆ-ն 2014-ին պետք է կրճատեր Աֆղանստանում ամերիկյան զորքերի թիվը՝ 32 հազարից հասցնելով 9,8 հազարի, 2015-ի վերջում այն կրճատել ևս երկու անգամ, իսկ 2016-ի վերջում զորքերը վերջնականապես դուրս բերել Աֆղանստանից:

Դեկտեմբերի 28-ին՝ ՆԱՏՕ-ի առաքելության մեկնարկից 13 տարի անց, երկրի անվտանգության ապահովման առաքելությունը ՆԱՏՕ-ի զորքերը պաշտոնապես հանձնել են տեղական ուժերին՝ հունվարի 1-ից սկսելով «Վճռական աջակցություն» առաքելությունը, որը դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին միաձայն հաստատվել էր ՄԱԿ-ի կողմից:

Հավելենք, որ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը 2015-ի փետրվարի 21-ին Աֆղանստան կատարած այցի շրջանակներում նախագահ Աշրաֆ Հանիին հանդիպելուց հետո հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ղեկավարությունը բանակցություններ է վարում աֆղանական կողմի հետ՝ զորախմբի դուրսբերման ծրագիրը վերանայելու և ընթացքը դանդաղեցնելու շուրջ։

Նա նշել էր, որ ներկայիս մոտ 10-հազարանոց զորախումբը մինչև 2016 թվականը պահպանելու քննարկումներ դեռևս չեն եղել, պարզապես քննարկվում է հակաահաբեկչական զորախմբի գործառույթների ընդլայնման հարցը, քանի որ «ալ-Քաիդա», «Իսլամական պետություն» և «Թալիբան» ահաբեկչական խմբավորումները սկսել են առավել ակտիվ գործունեություն ծավալել։

3 responses to “ԱՄՆ-ն կարող է դադարեցնել զորախմբերի դուրսբերումն Աֆղանստանից մինչև 2016 թվականը

  1. Pingback: Armday – ԱՄՆ-ն կարող է դադարեցնել զորախմբերի դուրսբերումն Աֆղանստանից մինչև 2016 թվականը. razm⚫info

  2. Pingback: Աֆղանստանը կարող է երկարացնել ամերիկյան զորքերի տեղակայման ժամկետը | Ռազմ.info

  3. Pingback: ԱՄՆ-ն կֆինանսավորի Աֆղանստանի զինված ուժերի վերապատրաստումը մինչև 2017թ․ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *