Թուրքիան «Ալթայ» տանկի համար պատրաստվում է արտադրել սեփական շարժիչներ

Թուրքիայի շարժիչների արտադրության և վաճառքի «Թյումոսան» ընկերության ղեկավար Նուրի Ալբայրաքը հայտարարել է, որ թուրքական արտադրության «Ալթայ» տանկն ունենալու է տեղական արտադրության շարժիչ ու տրանսմիսիա։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Թուրքական արտադրության «Ալթայ» հիմնական մարտական տանկ

Թուրքական արտադրության «Ալթայ» հիմնական մարտական տանկ

«Թյումոսանի» (TÜMOSAN) հիմնադիր խորհրդի ղեկավարը նշել է, որ տանկերը և արտադրվող պահեստամասերը կարող են վաճառվել նաև արտասահմանում, և այդ հարցը կլինի Թուրքիայի պաշտպանության նախարարության առաջիկա նիստի օրակարգում։

Նշելով, որ «Ալթայ» տանկի համար նախատեսված շարժիչի և տրանսմիսիայի կառուցման աշխատանքները կավարտվեն 5 տարվա ընթացքում՝ Ալբայրաքը հավելել է, որ առաջին տարում նախատեսվում է արտադրել մոտ 30 տանկի շարժիչա-տրանսմիսիոն հանգույց, իսկ հաջորդ տարիներին այդ թիվը կմեծանա։

Հիշեցնենք, որ «Ալթայ» տանկի շարժիչների արտադրության համար հայտարարված մրցույթում դեռևս 2014-ի օգոստոսին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը հաղթող էր ճանաչել թուրքական TÜMOSAN ընկերությանը։ Նշվում էր, որ արդեն բանակցություններ են սկսվել ընկերության հետ՝ պայմանագիր կնքելու համար։

Ավելի վաղ նախատեսվում էր տանկի համար գնել արտասահմանյան արտադրության շարժիչներ, շրջանառվում էր գերմանական MTU ընկերության հետ համատեղ շարժիչ արտադրելու տարբերակը։ Հետագայում քննարկվում էր նաև Ճապոնիայի հետ համատեղ շարժիչ արտադրելու տարբերակը, սակայն թուրքական կողմը պայմանագիր չի ստորագրել նրանցից ոչ մեկի հետ՝ չկարողանալով վերջնական համաձայնության հասնել:

Ավելացնենք, որ թուրքական Ալթայ (Altay) հիմնական մարտական տանկը նախագծել է թուրքական «Օթոքար» ընկերությունը՝ Թուրքիայի զինված ուժերի պատվերով։ Այն անվանվել է թուրք գեներալ Ֆահրեթին Ալթայի անունով, որը քեմալական ազգայնամոլական շարժման ակտիվ մասնակիցներից է։

Առաջին թուրքական տանկի հիմքը հարավկորեական K2 Black Panther տանկն է՝ իր տեխնոլոգիաներով ու լուծումներով։

One response to “Թուրքիան «Ալթայ» տանկի համար պատրաստվում է արտադրել սեփական շարժիչներ

  1. Pingback: Թուրքական ընկերությունն առաջարկել է ԶՈւ համար 250 միավոր «Ալթայ» տանկ արտադրել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *