ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը մարտի 24-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը մինչև 2017թ. շարունակելու է ֆինանսավորել Աֆղանստանի զինված ուժերի շուրջ 352 հազար զինծառայողների վերապատարաստումը: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության կայքը:
ԱՄՆ նախագահի նստավայր Քեմփ Դեյվիդում մարտի 23-ին Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի, պաշտպանության քարտուղար Քարթերի և Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանի Ահմադզայի համատեղ ասուլիսի ժամանակ Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ֆինանսավորելու է նաև Աֆղանստանի կառավարության բարեփոխումների ծրագիրը:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանի Ահմադզայը աֆղանական զինված ուժերի ֆինանսավորումը շարունակելու մասին ԱՄՆ-ի որոշումը որակել է առանցքային և հավելել, որ այն նաև փաստում է ամերիկյան աջակցության շարունակական լինելը:
Հիշեցնենք, որ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանի Ահմադզայը մարտի 22-ին հնգօրյա այցով մեկնել է ԱՄՆ, որտեղ հայտարարել է, թե իր երկրի բնակչության մեծ մասը կողմ է, որ ամերիկյան զորքերը շարունակեն տեղակայվել Աֆղանստանում, և վստահեցրել է՝ իր կառավարությունը մտադիր է համոզել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Աֆղանստանում հենակետ ձեռք չբերի:
Հավելենք նաև, որ դեռևս մարտի 16-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ղեկավարությունը մտադիր է պահել Աֆղանստանում ամերիկյան զորախմբի թվաքանակը և հրաժարվել զորքերը մինչև 5500-ի նվազեցնելու վերաբերյալ երկկողմ պայմանագրից։ Որոշումը կապված է Աֆղանստանի տարածքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտության հետ: