Դոնեցկի մարտերի ընթացքում վրաստանցի 1 մարտիկ սպանվել է, ևս 3-ը՝ վիրավորվել • Վրաստանի ԶՈւ ԳՇ նախկին պետը խոսել է Ուկրաինայում կռվող վրաստանցի մարտիկների մասին • Հրաժարական է տվել Վրաստանի ՆԳ նախարարը • Պաշտոնական այցով Իսպանիայում էր Վրաստանի պաշտպանության նախարարը • Բելգիայում էր Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ Վախթանգ Կապանաձեն
• Վրաստանի քաղաքացի 37-ամյա Թամազ Սուխիաշվիլին հունվարի 18-ին մահացել է Դոնեցկում մարտական գործողությունների ընթացքում։ Եվս 3 վրաստանցի մարտիկ վիրավորվել են։ Ուկրաինայում «Վրացական լեգիոնի» հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին հայտնել է, որ այնտեղ ընթանում են ծանր մարտեր։ Մինչև Ուկրաինա գնալը սպանված Սուխիաշվիլին ծառայել է Վրաստանի զինված ուժերում, մասնակցել է 2008թ վրաց-ռուսական պատերազմին։
• Վրաստանի ԶՈւ ԳՇ նախկին պետ, բրիգադի գեներալ Գիգի Կալանդաձեն, ով ներկայումս Ուկրաինայում է, հունվարի 20-ին վրաստանյան հեռուստաընկերություններից մեկի եթերի ժամանակ մեկնաբանել է Ուկրաինայում վրաստանցի մարտիկների առկայության փաստը` նշելով, որ այնտեղ կռվում է ավելի քան 100 մարտիկ և որ նրանցից ոչ ոք գումարի համար չի կռվում:
• Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն եռօրյա պաշտոնական այցով գնացել էր Իսպանիա: Հունվարի 21-ին այս մասին հայտնել է Վրաստանի ՊՆ-ն: Նախարարին ընդունել է Իսպանիայի նրա պաշտոնակից Պեդրո Էուլատեն: Կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր: Հատուկ ուշադրություն են դարձրել կիբերանվտանգությանը, զորավարժություններին և ռազմական ուսուցմանը վերաբերող հարցերին: Այցի ընթացքում Ջանելիձեն այցելել է նաև Իսպանիաի ԶՈւ բրիգադներից մեկը:
• Պաշտոնական այցով Բելգիայում է եղել Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն: Այս մասին հունվարի 21-ին հայտնել է Վրաստանի ՊՆ-ն: Կապանաձեին ընդունել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն գլխավոր հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրիդլավը: Հունվարի 22-ին Կապանաձեն մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական խորհրդի նիստին, որն անց է կացվել Դաշինքի անդամ և գործընկեր երկրների զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի մասնակցությամբ: Հանդիպմանը քննարկել են Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը վերաբերող հարցեր:
• Ռուսաստանի Պետդուման հաստատել է ռուս-աբխազական համագործակցության և ռազմավարական գործընկերության պայմանագիրը: Այն կնքել էին երկու երկրների նախագահները 2014թ նոյեմբերի 24-ին, որից հետո դեկտեմբերի վերջին Աբխազիայի խորհրդարանը հաստատել է այն: ՌԴ և Աբխազիայի արտաքին գործերի նախարարները հավաստել են, որ այս պայմանագիրը չի ենթադրում Աբխազիայի անցումը Ռուսաստանի կազմի մեջ և որ երկու երկրներն էլ ծառայելու են միմյանց անվտանգության ապահովման գործին: Վրաստանի ԱԳՆ-ն անհանգստացած հայտարարություն է տարածել` նշելով, որ Աբխազիան վրացական տարածք է, և կոչ է արել միջազգային հանրությանը իրավական և քաղաքական գնահատական տալ ՌԴ-ի քայլին:
• Հունվարի 23-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն հրաժարական է տվել, ինչը կապված է դեռևս 2006թ հատուկ գործողության ժամանակ սպանված Զուրաբ Վազագաշվիլիի և նրա հոր սպանությունների հետ: Վերջինիս հայրը` Յուրի Վազագաշվիլին սպանվել է հունվարի 20-ին որդու շիրիմի մոտ պայթյունի հետևանքով: «Վերջին շրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ իբր ես թաքցնում եմ հանցագործության մասնակիցներին, թեև դա այդպես չէ: Ես բարոյական պատասխանատվություն եմ զգում և դրա համար թողնում եմ պաշտոնս»,- ասել է Չիկաիձեն: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է հրաժարականն ու ասել, որ վերջինս ճիշտ է վարվել: Նոր նախարարի անունը կհրապարակվի հունվարի 26-ին:
Ռազմաշաբաթը նաև՝