Վրաստանի ԶՈւ ԳՇ նախկին պետ, բրիգադի գեներալ Գիգի Կալանդաձեն, ով ներկայումս Ուկրաինայում է, հունվարի 20-ին վրաստանյան հեռուստաընկերություններից մեկի եթերի ժամանակ մեկնաբանել է Ուկրաինայում վրաստանցի մարտիկների առկայության փաստը ու տվել այդ երևույթին իր գնահատականները։
Ռուսթավի-2 հեռուստատեսության եթերում նա նշել է, որ Ուկրաինայում ներկայումս կռվող կամավորներից և ոչ մեկը չի անում դա գումարի համար և նման պնդումները պարզապես վիրավորական են։ «Օրինակ` ինձ օգնում է իմ ընկերը: Մենք այստեղի զինծառայողների հետ ենք ու հենց նրանց հետ էլ կիսում ենք ինչպես սնունդը, այնպես էլ զինամթերքը»,- ասել է Կալանդաձեն՝ նշելով՝ միակ բանը, որը խնդրում են Վրաստանի կառավարությունից, Ուկրաինայում զոհված վարցիների ընտանիքներին օգնելն է։
Տեղեկացնենք, որ Գիգի Կալանդաձեն 2008թ վրաց-ռուսական պատերազմի ժամանակ եղել է զինված ուժերի 4-րդ բրիգադի հրամանատարը: 2012թ հոկտեմբերի 10-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԶՈւ ԳՇ պետ է նշանակել Կալանդաձեին: Այդ ժամանակ արդեն Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» կոալիցիան հաղթել էր խորհրդարանական ընտրություններում, և Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում Իրակլի Ալասանիան էր:
Իրակլի Ալասանիան, խոսելով ԳՇ պետի մասին, ասել էր, որ այս քայլով հին և նոր իշխանությունները կփորձեն համագործակցել, թեև քննարկվում էր ներկայիս ԳՇ պետ Վախթանգ Կապանաձեի թեկնածության հարցն այդ պաշտոնում:
Ընդամենը մեկ ամիս անց, քրեական գործ է հարուցվում մինչև «Վրացական երազանք» կոալիցիայի հաղթանակը պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի, ինչպես նաև Կալանդաձեի նկատմամբ:
Ըստ հետաքննության տվյալների` 2011թ հոկտեմբերին Բաչո Ախալայան իր աշխատասենյակում 6 զինծառայողի մարմնական վնասվածք է հասցրել, այդ թվում նաև ձեռքի դանակով խփել է նրանցից մեկի գլխին: Այդ միջադեպին ներկա է եղել նաև Կալանդաձեն: