Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները դիվերսիայի փորձեր են արել Արցախի ու Տավուշի ուղղություներով. հայկական կողմն ունի զոհեր • Քարվաճառում ավտովթարի պատճառով մեկ սպա մահացել է, երկուսը՝ վիրավորվել • Ըստ ադրբեջանցիների՝ այնտեղ պահվող հայ պայմանագրայինը ցանկանում է տեղափոխվել երրորդ երկիր • ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մեկնել է ՆԱՏՕ-ի հավաքին մասնակցելու • Անջեյ Կապրշիկին ընդունել են Արցախի նախագահը, ԱԳ նախարարը, ՊԲ հրամանատարը
• Հունվարի 23-ի առավոտյան ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են հարձակվողներին, սկսվել է փոխհրաձգություն, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել: Մարտի ժամանակ հայկական կողմից զոհվել են լեյտենանտ Կարեն Գալստյանը և շարքային Արտակ Սարգսյանը: ՀՀ նախագահի հրամանագրով Կարեն Գալստյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով, Արտակ Սարգսյանը՝ մարտական ծառայության մեդալով:
• Նույն օրը Տավուշ են մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
• Հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է արել նաև հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Արցախի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են ադրբեջանցիներին և հետ շրտել ելման դիրքեր: Հակառակորդին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Նախնական տվյալներով՝ ադրբեջանական կողմն ունի 3 զոհ:
• Դիվերսիոն հետախուզական ներթափանցման մեկ այլ փորձ հակառակորդը ձեռնարկել է հունվարի լույս 21-ի գիշերը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ: Հայկական զինուժը հետ է շպրտել ադրբեջանցիներին, սակայն ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող Նահապետ Ասատրյանը, վիրավորվել՝ Հովհաննես Գասպարյանը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
• Հունվարի 21-ին, հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Ուդումյանը: Զոհված զինծառայողը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
• Հունվարի հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը Արցախի հատվածում հակառակորդը հետախուզադիվերսիոն ներթափանցման 8 փորձ է արել: Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման պատճառով ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել է զինծառայող Սուրեն Փիլոսյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
• Հունվարի 17-ի երեկոյան Քարվաճառի տարածքում ավտովթար է եղել, ինչի հետևանքով մահացել է տեղի զորամասերից մեկի սպա Արթուր Վարդևանյանը, վիրավորվել են մայոր Կարեն Սիմոնյանը և ավագ լեյտենանտ Լավրենտ Հակոբյանը:
• Հունվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածել, թե իբր 2014թ դեկտեմբերի 27-ին Ադրբեջանում հայտնված ՊԲ զինծառայող, պայմանագրային Արսեն Բաղդասարյանը ինքնակամ է անցել ադրբեջանական կողմ ու չի ցանկանում վերադառնալ Հայաստան: Նշենք, որ Արսեն Էդուարդի Բաղդասարյանը՝ հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:
• Հունվարի 20-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել մասնակցելու Աֆղանստանում ՆԱՏO-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող երկրների ԳՇ պետերի ռազմական կոմիտեի նիստին, որի ընթացքում քննարկվելու են Աֆղանստանում ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո առաջացած քաղաքական իրադրությունն ու նոր առաքելության շրջանակում մասնակից երկրների անելիքները:
• Հունվարի 19-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին ընդունել են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, արտգործնախարար Կարեն Մինասյանն ու ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը: Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Ռազմաշաբաթը նաև՝
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 18-24 հունվարի, 2015 | Ռազմ.info