Վրաստանի քաղաքացի 37-ամյա Թամազ Սուխիաշվիլին երեկ՝ հունվարի 18-ին, մահացել է Դոնեցկում մարտական գործողությունների ընթացքում։ Եվս 3 վրաստանցի մարտիկ վիրավորվել են։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, հայտնում է վրաստանյան Ռուսթավի-2 հեռուստաընկերությունը։
Ըստ լրատվամիջոցի՝ երեկ երեկոյան Պեսկի (Դոնեցկի մերձակայքում է) բնակավայրից հրետանային կրակ է բացվել քաղաքի ու օդանավակայանի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ մահացել են Ուկրաինայում մարտերին մասնակցող վրաստանցի մարտիկները:
«Ես հաստատում եմ, որ երեկ մեկ վրացի մահացել է, 3 հոգի էլ վիրավոր են։ Վիրավորներն արդեն իրենց լավ են զգում»,- հեռուստատեսությանն ասել է այնտեղ կռվող մարտիկներից Դավիդ Մակիշվիլին։
Հեռուստատեսությանը մեկնաբանություն է տվել նաև Ուկրաինայում «Վրացական լեգիոնի» հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին, նշելով, որ այնտեղ ընթանում են ծանր մարտեր։
Մինչև Ուկրաինա գնալը սպանված Սուխիաշվիլին ծառայել է Վրաստանի զինված ուժերում, ինչպես նաև մասնակցել է 2008թ վրաց-ռուսական պատերազմին։ Վրաստանում ապրում են նրա կինն ու երկու երեխաները։
Հավելենք, որ հունվարի 15-ին հայտնի դարձավ, որ Դոնեցկում մահացել է Վրաստանի ևս մեկ քաղաքացի։ Շալվա Բուխաիձեի մահվան լուրը հաստատել էր Վրաստանի ԱԳՆ-ն։ Այդ ընթացքում սոցիալական և լրատվական կայքերում խոսակցություններ շրջանառվեցին, որ վերջինս կռվել է ռուսական կողմում։
2014 թվականի դեկտեմբերի 18-ին էլ լրատվամիջոցները հայտնել էին Լուգանսկում ևս մեկ սպանվածի մասին, իսկ դրանից ավելի վաղ՝ Սիրիայում սպանվածների մասին։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեռ 2014թ դեկտեմբերի 18-ին խորհրդարան է մտցրել օրենքի նախագիծ, ըստ որի՝ Վրաստանի քաղաքացիները քրեական պատասխանատվության կենթարկվեն երկրում, եթե օտար պետություններում անօրինական զինված խմբերում ներգրավվեն։ Այս մասին Իմեդի հեռուստաընկերության հաղորդումներից մեկի եթերում հունվարի 13-ին հայտնել էր Վրաստանի արդարադատության նախարար Թեյա Ցուլկիանին։
Օրենքի նախագիծն ընդունվելու դեպքում Վրաստանի այն քաղաքացիները, որոնք կլքեն երկիրը այլ պետություններում զինված հակամարտությունների մասնակցելու համար, հայրենիքում կհետապնդվեն օրենքով, նրանց կսպառնա ազատազրկում: Նշենք, որ Վրաստանի Քրեական օրենսգրքի այս փոփոխությունները վերաբերում են այժմ Իրաքում, Սիրիայում, ինչպես նաև Ուկրաինայում գտնվող և զինված խմբավորումների անդամակցող Վրաստանի քաղաքացիներին։
Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 18-24 հունվարի, 2015 | Ռազմ.info