Ռազմաշաբաթ. Թուրքիա. 18-24 հունվարի, 2015

Զինծառայության կարգի փոփոխություն Թուրքիայում • Թուրքիայում «Հակաականային գործողությունների ազգային կենտրոն» են հիմնելու • Թուրքական «Ասելսանը» համագործակցելու է Typhoon կործանիչներ արտադրող ընկերության հետ • Թուրքիան հայտարարել է լազերային զենքի հաջող փորձարկման մասին • Թուրքիայում զինծառայողը սպանվել  է համածառայակցի կրակոցից • Հրդեհ թուրքական զինվորական գործարանի պահեստում • Թուրքիայի տարածքով է անցել Քոբանի գնացող Փեշմերգեի երրորդ խումբը • ԵՄ-ն ցանկանում է հակաահաբեկչական պայքարին ներգրավել Թուրքիային և արաբական երկրներին • Թուրքիան և Մեծ Բրիտանիան քննարկել են ԻՊ-ի դեմ պայքարի համատեղ ծրագրերը • Թուրքիան չի կարող վերահսկել ահաբեկիչների շարժն իր տարածքով • Թուրքիան կարող է ավելացնել Աֆղանստանում իր զինծառայողների թիվը • Թուրքիա-Քաթարի ռազմական համագործակցության ծրագրեր • Անկարայում գաղտնալսումների գործով ձերբակալվել է 21 անձ

«Եվրոֆայթեր Թայֆուն» ռազմական ինքնաթիռի EJ200 շարժիչը

«Եվրոֆայթեր Թայֆուն» ռազմական ինքնաթիռի EJ200 շարժիչը

• Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում (ԹԱՄԺ) ընդունվել է երկրի զինված ուժերում ծառայության կարգի փոփոխությունների մասին օրինագիծ, որով զինապարտության ժամկետը սահմանվում է 20 տարեկանը լրանալու տարվա հունվար ամսից մինչև 41 տարեկանը լրանալու տարվա հունվար ամիսը:

• Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ) գլխավոր հանձնաժողովը հունվարի 22-ին ընդունել է «Հակաականային գործողությունների ազգային կենտրոն հիմնելու և որոշ զինվորական օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

• Թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունը հունվարի 19-ին Անկարայում համագործակցության հուշագիր է ստորագրել Eurofighter Typhoon («Եվրոֆայթեր Թայֆուն») ռազմական ինքնաթիռների համար EJ200 շարժիչ արտադրող Eurojet եվրոպական ռազմարդյունաբերական  ընկերության հետ։

• Թուրքիայում հաջողությամբ անցկացվել է տեղական արտադրության լազերային զենքի փորձարկումը։ Լազերային զենքը փորձարկման ընթացքում հաջողությամբ ոչնչացրել է շարժվող հարթակի վրա տեղադրված թիրախը։ Հայտարարվել է, որ առաջիկա 6 տարվա համար նախատեսված է 120 մլն լիրայի ծրագրային բյուջե:

• Հունվարի 16-ի երեկոյան Թուրքիայի Հաքքարի նահանգի Զապ քաղաքի ժանդարմերիայի բաժանմունքում սպանվել է զինծառայող, 22-ամյա Օզգուր Բեդին։ Նախնական տեղեկությունների համաձայն նրան սպանել է համածառայակիցը:

• Թուրքիայի Աֆիոնքարահիսար քաղաքի՝ Թուրքիայի ԶՈւ-ի համար զինվորական սաղավարտներ արտադրող գործարանի զինվորական պարագաների պահպանության պահեստում  հունվարի 19-ի կեսօրին հրդեհ է բռնկվել։ Հրշեջներին հաջողվել է 45 րոպեում մարել կրակը:

• Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կառավարության՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին աջակցելու համար Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաք ուղարկած Փեշմերգե ուժերի երրորդ խումբը ևս անցել է Թուրքիայի տարածքով:

• ԵՄ-ն որոշել է ահաբեկչության դեմ պայքարում համագործակցություն սկսել Թուրքիայի և արաբական մի շարք երկրների հետ ու հետախուզական տվյալների փոխանակել։

• Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հունվարի 20-ին Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնին։ Քննարկումների ընթացքում նրանք հիմնական ուշադրությունը դարձրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ համատեղ պայքարի խնդրին։

• Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Մեծ Բրիտանիայում հայտարարել է, թե անչափ դժվար է կանգնեցնել Թուրքիայի տարածքով Սիրիա անցնող և «Իսլամական պետության» գրոհայիններին միացող կամավորական ջիհադականներին, քանի որ 822 կմ երկարությամբ սահմանի ամեն անկյունում Թուրքիան չի կարող զինվոր կարգել։

• Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հունվարի 19-ին հայտարարել է, որ Թուրքիան գալիք տարում կավելացնի Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող թուրքական բանակի զինվորների թիվը՝ 700 –ից հասցնելով 1100-ի։

Թուրքիայի և Քաթարի արտգործնախարարները

Թուրքիայի և Քաթարի արտգործնախարարները

• Թուրքիան ու Քաթարը սկսել են ռազմական համագործակցության պայմանագրերի իրականացման աշխատանքները, ինչը նախատեսված էր 2014-ի դեկտեմբերին Քաթարի էմիրի ու Թուրքիայի նախագահի ստորագրած՝ Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի մասին պայմանագրով։

• Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում  հունվարի 20-ին Գյուլենական շարժման դեմ նոր գործողություն է ձեռնարկվել, ինչի արդյունքում անօրինական գաղտնալսումների մեղադրանքով ձերբակալվել է 21 անձ: Այս գործողության շրջանակներում ոստիկանությունը հետախուզում է ընդհանուր առմամբ 28 անձի։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *