Դեկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Գրոզնիում ահաբեկիչները հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա, այնուհետև փորձել են թաքնվել քաղաքի կենտրոնում գտնվող Մամուլի շենքում։ Դրան հետևած հակաահաբեկչական գործողությունների ընթացքում զոհվել են ուժային կառույցների 10 և վիրավորվել 28 աշխատակից։
Այս մասին հայտնում է ռուսաստանյան Кавказский Узел պարբերականը՝ հղում անելով ՌԴ ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի հաղորդագրությանը։
Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովն էլ հայտնել է, որ հատուկ գործողությունների ընթացքում սպանվել է 9 ահաբեկիչ։
Հայտնի է, որ ահաբեկիչների մի խումբ էլ հայտնաբերվել և շրջափակվել է Գրոզնիի №20 դպրոցում։
Ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը հայտնում է, որ Գրոզնիում դեռ պահպանվում է հակաահաբեկչական ռեժիմը, ուժային կառույցները շարունակում են աշխատել։
Ընդամենը 2 ամիս առաջ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հայտարարել էր, թե այն տեղեկությունները, որ ահաբեկիչները Գրոզնիում ինչ ուզում, անում են, միանգամայն սուտ են։
Այս մասին Քադիրովը հայտնել էր, երբ հոկտեմբերի 5-ին Չեչնիայի մայրաքաղաքում 19-ամյա մահապարտն ինքն իրեն պայթեցրել էր համերգասրահի մոտ, որտեղ պիտի նշեին քաղաքի օրը։ Պայթյունից զոհվել էր 5 ոստիկան, ևս 12 մարդ վիրավորվել էին։ Քադիրովն այդպես էլ չընդունեց, որ դեպքն ահաբեկչություն է։
Նշենք, որ միայն 2009 թվականին տարբեր ժամանակահատվածներում Չեչնիայում գրանցվել է մահապարտ-ահաբեկիչների 6 պայթեցման դեպք, ինչի հետևանքով մահացել են տասնյակ քաղաքացիներ, ինչպես նաև ահաբեկչությունը կանխող ոստիկաններ։ 2010 թվականին Ռուսաստանի Դաշնությունում գրանցված ահաբեկչություններից միայն մեկն է եղել Չեչնիայում, այդ ժամանակ հնարավոր է եղել խուսափել զոհերից։ Միջադեպի ժամանակ 3 ոստիկան և 2 քաղաքացիական անձ վիրավորվել են։
2011-2013 թվականներին Չեչնիայում ահաբեկչության դեպքեր չեն գրանցվել։
Pingback: Չեչնիայում վարժանքների ժամանակ «վնասազերծվել են» գրոհայիններ | Ռազմ.info
Pingback: Ինգուշեթիայում չեզոքացվել է «Իսլամական պետության» շարքերը համալրած 8 զինյալ | Ռազմ.info