Ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնվել է սպանված զինծառայողի մասին հերթական տեղեկությունը, որը տեղ չի գտել պաշտոնական լրահոսում։ Զինված ուժերի՝ Թարթառի շրջանում տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Շիրալիև Խալիդ Էլեսգեր օղլուի դին 2014-ի նոյեմբերի սկզբին գտել են Բաքվում՝ 3 օր անց այն բանից հետո, երբ նրան բերման են ենթարկել ռազմական ոստիկանություն՝ զորամասից փախուստի դիմելու համար։
Ինչպես հայտնում է ադրբեջանական «Լրագրողական հետաքննությունների կենտրոնի» կայքը, սպանված զինծառայողի մայրը պատմել է, որ որդին փախել էր զորմասից՝ չդիմանալով այնտեղի պայմաններին։ Նա մանրամասնել է, որ զորամասում անընդհատ ծեծում էին որդու ծառայակիցներին։
Փախուստից հետո՝ հոկտեմբերի 31-ի առավոտյան, ռազմական ոստիկանության աշխատակիցները եկել են Խալիդի հետևից ու նրան տարել բաժանմունք։
Հաջորդող օրերին զինծառայողի հարազատները չեն կարողացել կապվել նրա հետ։ Սկզբում նա չի պատասխանել զանգերին, հետո նրա հեռախոսը եղել է անջատված։ Փորձելով որևէ տեղեկություն ստանալ Խալիդի մասին՝ հարազատները գնացել են ռազմական ոստիկանության Բաքու քաղաքի բաժանմունք, որտեղ հանդիպել են փոխգնդապետ Ֆեյզի Հուսեյնովին, ով վստահեցրել է, որ անհանգստանալու կարիք չկա, որովհետև նրանց որդուն ուղարկել են այն կայազոր, որտեղ նա ծառայում է։
Երեք օր անց, սակայն, Խալիդի բնակարան են զանգահարել Բաքվի «Սեմաշկո» հիվանդանոցի դիահերձարանից և հայտնել, որ նրա դիակն այնտեղ է՝ չհայտնելով, սակայն, մահվան հանգամանքները։ Ավելի ուշ դիահերձարանում արված և հրապարակված լուսանկարներից պարզ է դարձել, որ Շիրալիևի մարմնի տարբեր հատվածներում՝ այդ թվում գլխի շրջանում, կան լուրջ վնասվածքներ, ինչից կարելի է ենթադրել, որ զինծառայողին սպանել են։
«Լրագրողական հետաքննությունների կենտրոնից» դեպքի վերաբերյալ փորձել են տեղեկություն ստանալ դատախազությունից, սակայն մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ մանրամասներ առայժմ չունեն և կհաղորդեն, երբ այդպիսիք լինեն։
Հավելենք, որ հետևելով բաց աղբյուրների տվյալներին, 2014-ին սա Ադրբեջանի բանակում և ուժային կառույցներում հայտնի դարձած մահվան ելքով 85-րդ միջադեպն է։