Օգոստոսի 1-ին Ինգուշեթիայի Սունժենսկի շրջանում, որը սահմանակից է Չեչնիային, ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները հատուկ գործողության ընթացքում զինյալներին չեզոքացնելու ժամանակ օգտագործել են հրետանային միջոցներ։ Գործողության ընթացքում սպանվել է 8 զինյալ։ Այս մասին օգոստոսի 2-ին հայտնում է Ռուսաստանի առաջին ալիքը լրատվական թողարկման ժամանակ։

Ռուսաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմի ժամանակ. նկարը «ՏԱՍՍ» գործակալության
Ըստ հրապարակված տեսանյութի՝ ՌԴ ազգային հակաահաբեկչական հանձնաժողովը տեղեկացրել է, որ սպանվածների թվում է Ադամ Թաղիլովը, ով 2014 թվականին դեկտեմբերին կազմակերպել էր Գրոզնիում ուժային կառույցների աշխատակիցների վրա հարձակումը։ Այդ ժամանակ հակաահաբեկչական գործողությունների ընթացքում զոհվել են ուժային կառույցների 10 և վիրավորվել 28 աշխատակից, ինչպես նաև չեզոքացվել էր 9 ահաբեկիչ։
Ըստ ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության տվյալների՝ Ինգուշեթիայում չեզոքացված զինյալները վերջերս էին համալրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը։
Բացի այդ, սպանված զինյալները մասնակից են եղել մի շարք ահաբեկչական հանցագործությունների, այդ թվում՝ իրավապահների սպանություններում։
Հատուկ գործողության վայրում ուժայինները հայտնաբերել են մեծ թվով հրաձգային զենքեր, ձեռքի նռնակներ, ինքնաշեն պայթուցիկներ, ավելի քան 2 հազար միավոր զինամթերք, դեղեր, սննդամթերք։
Իր հերթին ռուսաստանյան Lifenews լրատվամիջոցը հրապարակել է հատուկ գործողությունից հետո չեզոքացված զինյալների դիերի նկարներն ու 7 զինյալի անուն։ Նրանք են՝ Ռահիմ Քասիբաևը, Մուսլիմ Մեխտիևը, Գայրբեկ Ջամալդինովը, Ռամզան Մագոմեդովը, Մագոմեդ Զաուրբեկովը, Ադամ Թաղիլովը, Իմամ Ուցիմիևը։
Pingback: Կաբարդինա-Բալկարիայում սպանվել է 6 զինլալ | Ռազմ.info
Pingback: Կաբարդինա-Բալկարիայում սպանվել է 6 զինլալ | Ռազմ.info
Pingback: Չեչնիայում ականի պայթյունի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 2 զինծառայող | Ռազմ.info