«Իսլամական պետությունը» պայթեցրել է Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին

«Իսլամական պետություն» խմբավորումն օրերս պայթեցրել է Սիրիայի Դեյր Էզ Զոր շրջանի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին, որտեղ ամփոփված էին Հայոց ցեղասպանության զոհերի մասունքները։ Եկեղեցին ուներ Ցեղասպանության թանգարան, որտեղ հայերի կոտորածների վերաբերյալ բազմաթիվ վկայություններ կային։

Իսլամիստներն ականապատել են ու պայթեցրել հայկական սրբատեղին, փոխանցում է սիրիական պետական «Սանա» լրատվական գործակալությունը։

Սրբոց Նահատակաց եկեղեցին՝ մինչ ավերումը. Լուսանկարը՝ ՍԱՆԱ-ի

Սրբոց Նահատակաց եկեղեցին՝ մինչ ավերումը. Լուսանկարը՝ ՍԱՆԱ-ի

Հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով նշել է. «Խստորեն դատապարտում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից:

Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը:

Միջազգային հանրությունը պետք է անհապաղ կանգնեցնի, արմատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանսավորման, աջակցության, հովանավորման ուղիները»։

Հավելենք, որ վերջին տարիներին Սիրիայում ակտիվորեն գործող «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները մեծ իրարանցում առաջացրին միջազգային ասպարեզում, երբ 2014-ի հունիսի կեսերին հաշված օրերի ընթացքում կարողացան փախուստի մատնել իրաքյան բանակն ու հսկողություն սահմանել երկրի հյուսիս-արևմտյան շրջանների՝ ներառյալ մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքի նկատմամբ։ Դրան հաջորդեցին այդ շրջանում բնակվող եզդիների կոտորածները, որոնց ընթացքում իսլամիստների զոհը դարձան շուրջ 10 հազար տեղաբնակներ։

Այս իրադարձություններից հետո, այսպես կոչված, միջազգային հանրությունը որոշեց միջամտել Իրաքում ստեղծված իրավիճակին ու ռազմական օգնություն ցուցաբերել իսլամիստների դեմ կռվող ուժերին։

Օգտվելով առիթից՝ Միացյալ Նահանգները սկսեց ավելի հաճախ շեշտել, որ իսլամիստները հենակետեր ունեն նաև Սիրիայի տարածքում, որոնց «չեզոքացման համար երկրի նախագահ Բաշար Ասադը չունի բավական ներուժ և այդ հարցում անհրաժեշտ է արտաքին միջամտություն»։

3 responses to “«Իսլամական պետությունը» պայթեցրել է Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին

  1. Pingback: «Իսլամական պետությունը» պայթեցրել է Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին | Թուրքագիտական պորտալ

  2. Pingback: Սիրիական զորքերը պահպանել են վերահսկողությունը Դեր Զորում | Ռազմ.info

  3. Pingback: Սիրիայի զինուժը ԻՊ դեմ մարտերում Դեր Զորում որոշակի հատվածներ է կորցրել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *