Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվելու է Eternity-2014 (Անվերջություն-2014) միջազգային զորավարժությունը, որին մասնակցում են Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերը։
Հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ մասնակիցները զարգացնում են համակարգչով աշխատելու հմտությունները։ Վարժանքների ժամանակ մեծ տեղ է հատկացվում հատկապես նավթի և գազի խողովակաշարերի պաշտպանությանը։
Վարժանքները մեկնարկել են սեպտեմբերի 22-ին և տևելու են 5 օր։ Ընդհանուր առմամբ, զորավարժությանը մասնակցում է 48 հոգի։
Թուրքիան զորավարժությանը ներկայացել է 12 հոգանոց անձնակազմով. 9 հոգին ներկայացնում են Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերը, 1-ը՝ Ժանդարմերիան, իսկ ևս երկուսը թուրքական պետական «Բոթաշ» նավթագազային ընկերության աշխատակիցներ են։ Ադրբեջանը վարժանքներին ներկայացել է 12, Վրաստանը՝ 24 զինծառայողով։
Eternity անունը կրող ամենամյա զորավարժություններն անցկացվում են հերթականությամբ Թուրքիայում, Վրաստանում և Ադրբեջանում։ 2012 թվականին ամենամյա զորավարժությունն անցկացվել է Անկարայում, 2013-ին՝ Բաքվում։ Նախորդ տարի Ադրբեջանում կայացած զորավարժության ժամանակ ուշադրության կենտրոնում էին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի պաշտպանությանը վերաբերող վարժանքները։
Նշենք, որ երեք երկրների տարածքով անցնում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարն ու Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը։