Եգիպտոսում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Եգիպտոսում ուսումնական թռիչքի ժամանակ ընկել է երկրի զինուժին պատկանող ռազմական ուղղաթիռներից մեկը։ Ավիավթարի հետևանքով մահացել են անձնակազմից 6 հոգի, վնասվածքներ է ստացել 1-ը։Ինչպես հաղորդում է եգիպտական Egyptianstreets.com կայքը, վթարի մասին հայտնել է Եգիպտոսի զինված ուժերի մամուլի ծառայությունը։ Ուղղաթիռի մասին մանրամասն տվյալներ չեն հրապարակվել։ Հայտնի է միայն, որ վերջինս ընկել է Կահիրեից 100 կմ հեռավորության վրա՝ Էլ-Ֆայում նահանգի տարածքում։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ ավիավթարի պատճառը թերևս տեխնիկական անսարքությունն էր։ Երկրի պաշտպանության նախարար Սեդքի Սոբհին հանձնարարել է հետաքննություն անցկացնել ավիավթարի առնչությամբ։

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարին նույն նահանգի տարածքում վայր էր ընկել Եգիպտոսի զինուժի ուղղաթիռներից մեկը։ Չնայած որ նախնական վարկածով պատճառը տեխնիկական անսարքությունն էր, ավելի ուշ պարզվեց՝ ուղղաթիռի վթարը զինյալների հարձակման արդյունք էր։ Սինայի տարածքում գործունեություն ծավալող «Անսար Բայթ ալ-Մաքդիս» զինյալների խմբավորումը ստանձնել էր հարձակման պատասխանատվությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *