Օգոստոսի 2-ին Սիրիայի կառավարական ուժերը կարողացել են հետ մղել երկրի կենտրոնարևելյան շրջանում ռազմավարական կարևոր դիրք զբաղեցնող Դեյր Էզ-Զոր քաղաքի վրա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումը:
Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխանցելով սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունից ստացած տեղեկությունը:
Հաղորդվող տեղեկության համաձայն` ԻՊ գրոհայինները փորձում էին գրավել Դեյր Էզ-Զորի շրջանում կարևոր դիրք զբաղեցնող «Ֆուրատ աշ-Շամ» հյուրանոցը, ինչպես նաև մեկ էլեկտրակայան և մեկ ջրամղիչ կայան:
Ահաբեկչական խմբավորման հարձակումը հետ մղելուց հետո Սիրիայի կառավարական ուժերը հակահարձակման անցնելով ` հարվածներ են հասցրել Դեյր Զորի Թել Ռավադ շրջանում ԻՊ դիրքերին: Ներկայումս այդ շրջանում մարտերը շարունակվում են:
Նշենք, որ Դեյր Էզ-Զորի հարակից շրջանները ամբողջությամբ գտնվում են ԻՊ վերահսկողության ներքո: Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները երկրի արևելյան, հարավ-արևելյան շրջաններում են և կտրված են Դեյր Էզ-Զորից: Այս տեսանկյունից նշված շրջանում վերահսկողությունը պահպանելը կարևոր ռազմավարական նշանակություն ունի Սիրիայի կառավարարական ուժերի համար:
Հիշեցնենք, որ 2014 թ. սեպտեմբերին «Իսլամական պետություն» խմբավորումը պայթեցրել էր Սիրիայի Դեյր Էզ-Զոր շրջանի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին, որտեղ ամփոփված էին Հայոց ցեղասպանության զոհերի մասունքները։
2015 թ. ԻՊ-ն պաշարել էր Դեյր Զոր քաղաքը, սակայն այնտեղ գտնվող կառավարամետ ուժերը մինչ օրս կարողանում են վերահսկողությունը փոփոխական հաջողություններով պահպանել: Քաղաքի տարածքում կա օդանավակայան, ինչպես նաև շրջանը հարուստ է նավթահորերով, ըստ այդմ մեծ կարևորություն է ներկայացնում երկու կողմերի համար:
Սիրիայի կառավարական ուժերին 2016 թ. հունվարից ավիահարվածներով օգնում են նաև ՌԴ ավիատիեզերական ուժերի կործանիչները, ինչպես նաև լիբանանյան «Հզբալլահ» շարժման մարտիկները:
Հոդվածի հեղինակ՝ Զեմֆիրա եգանյան
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 31 հուլիսի – 6 օգոստոսի, 2016 | Ռազմ.info