«Իսլամական պետության» դեմ պայքարող երկրների ցանկը շարունակում է համալրվել. միացել է նաև Կանադան

Կանադան միանում է այն երկրներին, որոնք գործուն մասնակցություն են ցուցաբերում Իրաքում և Սիրիայում հաստատված «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման դեմ պայքարում։ Այս մասին 2014-ի սեպտեմբերի 16-ին հայտարարել է Կանադայի վարչապետ Սթեֆան Հարփերը՝ նշելով, որ 69 զինծառայող կգործուղի Իրաքի հյուսիս՝ տեղի ինքնապաշտպանական ուժերին ուսուցանելու և դրանց մարտական պատրաստության աստիճանը բարձրացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է DefenseNews ռազմական լրատվակայքը։

Կանադայի վարչապետ Սթեֆան Հարփեր

Կանադայի վարչապետ Սթեֆան Հարփեր

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 6-ին, Կանադայի իշխանությունները հայտարարել էին, որ հատուկ նշանակության ուժերի մի քանի տասնյակ զինծառայող գործուղվելու է Իրաք՝ քրդական Փեշմերգա զորաջոկատներին աջակցելու և Միացյալ Նահանգների հետ համատեղ «Իսլամական պետոթյուն» խմբավորման դեմ պայքարում ներդրում ունենալու համար։

Նշենք, որ բավական սեղմ ժամկետում «Իսլամական պետության» դեմ պայքարում Միացյալ Նահանգներին աջակցություն և Իրաքում ծավալվող իրադարձություններին իրենց մասնակցությունը հայտնեցին նաև եվրոպական մի շարք երկրներ։ Գերմանիան Իրաքի կառավարական ուժերին և քրդական զորաջոկատներին զինելու համար ուղարկել է շուրջ 92 միլիոն դոլարի սպառազինություն և զինամթերք։

Թեթև գնդացիրներից և դրանց համար նախատեսված զինամթերքից կազմված օգնություն Իրաք է ուղարկել նաև Մեծ Բրիտանիան։ Ավելին, վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարեց, որ եթե Միացյալ Նահանգները որոշի ցամաքային գործողություն սկսել Իրաքում, ապա չի բացառվում, որ դրան իր մասնակցությունն ունենա նաև Մեծ Բրիտանիայի բանակը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը խորհրդարանում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը խորհրդարանում

Չեզոքությունը չեն պահպանել նաև Ավստրալիայում, որի ռազմաօդային ուժերի կործանիչներն արդեն առաջիկա օրերին կմիանան Իրաքի տարածքում իսլամիստների դիրքերին հասցվող ավիահարվածներին, որոնք մինչ այժմ իրականացնում էին միայն ամերիկյան բանակի անօդաչուներն ու կործանիչները։

Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները մեծ իրարանցում առաջացրին միջազգային ասպարեզում, երբ 2014-ի հունիսի կեսերին հաշված օրերի ընթացքում կարողացան փախուստի մատնել իրաքյան բանակն ու հսկողություն սահմանել երկրի հյուսիս-արևմտյան շրջանների՝ ներառյալ մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքի նկատմամբ։

Դրան հաջորդեցին այդ շրջանում բնակվող եզդիների կոտորածները, որոնց ընթացքում իսլամիստների զոհը դարձան շուրջ 10 հազար տեղաբնակներ։ Այս իրադարձություններից մետո, այսպես կոչված, միջազգային հանրությունը որոշեց միջամտել Իրաքում ստեղծված իրավիճակին ու ռազմական օգնություն ցուցաբերել իսլամիստների դեմ կռվող ուժերին։

Օգտվելով առիթից՝ Միացյալ Նահանգները սկսեց ավելի հաճախ շեշտել, որ իսլամիստները հենակետեր ունեն նաև Սիրիայի տարածքում, որոնց չեզոքացման համար երկրի նախագահ Բաշար Ասադը չունի բավական ներուժ և այդ հարցում անհրաժեշտ է արտաքին միջամտություն։

Իսլամիստ զինյալ

Իսլամիստ զինյալ

2014-ի սեպտեմբերի 11-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմելով ժողովդրին հայտնեց, որ ամերիկյան բանակը օդային հարվածներ կհասցնի նաև «Իսլամական պետություն» խմբավորման այն հենակետերին, որոնք Սիրիայի տարածքում են։ Օբաման հատուկ ընդգծեց, որ ավիահարվածների համար իրենց անհրաժեշտ չէ Դամասկոսի համաձայնությունը։ Հարկ է նշել, որ իսլամիստների դեմ պայքարի քողի ներքո ԱՄՆ-ն կրկին զարկ տվեց Բաշար Ասադի կառավարության դեմ կռվող զինյալների աջակցությանը։

Իր խոսքում Օբաման նշեց՝ հաշվի առնելով, որ Ասադն ի զորու չէ պայքարել իսլամիստների դեմ, անհրաժեշտ է զինամթերքով ապահվել տեղի ընդդիմադիր զորաջոկատներին, ինչպես նաև ստեղծել պայմաններ՝ նրանց վերապատրաստման համար։ Այս նպատակով նախագահն արդեն իսկ դիմել է Կոնգրեսին՝ հայցելով շուրջ կես միլիարդ ամերիկյան դոլար։ Գումարի հատկացման վերաբերյալ, սակայն, վերջնական որոշում դեռևս կայացված չէ։ Ի դեպ, ըստ շրջանառվող կարծիքների, զինյալների համար ուսումնական ճամբարներ տրամադրող ամենահավանական երկիրը Սաուդյան Արաբիան է։

Հավելենք, որ կան պնդումներ, թե «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորումը սերում է ալ Կաիդայից, սակայն վերջինս հերքում է, թե որևէ կապ ունի խմբավորման հետ։ Ավելին, սեպտեմբերի կեսերին ալ Կաիդան հանդես եկավ կոչով, որում «Իսլամական պետությանը» հորդորեց ազատ արձակել գերության մեջ պահվող բրիտանացի Ալան Հեննինգին՝ նշելով, որ նա սոցիալական աշխատող էր ու իր առաքելությամբ միայն օգնել է դժվար կացության մեջ հայտնված մուսուլմաններին։

Նշենք նաև, որ ըստ ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության տվյալների՝ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների թիվը տատանվում է 22-ից 30 հազարի սահմաններում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *