Մեծ Բրիտանիան ծանր գնդացիրներ է մատակարարել Իրաքում իսլամիստների դեմ կռվող ուժերին

Մեծ Բրիտանիան միացել է այն երկրների շարքին, որոնք ռազմական օգնություն են ցուցաբերում Իրաքի կառավարությանն ու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությանը՝ «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման զինյալների դեմ պայքարելու համար։ Բրիտանական օգնությունը համարժեք է շուրջ 3.2 միլիոն ամերիկյան դոլարին և ներառում է ծանր գնդացիրներ ու դրանց համար անհրաժեշտ զինամթերք։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը խորհրդարանում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը խորհրդարանում

Նախատեսվում է, որ բրիտանացիների ուղարկած օգնությունը կհասնի Իրաք սեպտեմբերի 10-ին։ Ընդ որում, Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը տեղեկացրել է, որ ռազմական օգնության առաջին այս խմբաքանակը չի լինելու վերջինը և մատակարարումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ գնում է պայքար «Իսլամական պետության» դեմ։

Իր հերթին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, մեկնաբանելով այս որոշումը չի բացառել, որ եթե Միացյալ Նահանգներն ընդունի Իրաքում ցամաքային գործողություն սկսելու որոշում, դրան միանան նաև բրիտանական զինուժի ստորաբաժանումները։ Վարչապետը հավելել է, որ նման որոշումը կլինի արդարացված, եթե Իրաքում ծագի մարդասիրական աղետ, կամ վտանգի տակ հայնտվեն Միացյալ Թագավորության շահերը։

Հավելենք, որ 2014-ի սեպտեմբերի 5-ին Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ էր արել ձևավորել միջազգային կոալիցիա, որի թիրախում կլինի «Իսլամական պետությունը»։

Ներկայումս ԱՄՆ բանակի ռազմաօդային ուժերը կետային հարվածներ են հասցնում իսլամիստների դիրքերին՝ այդ կերպ օժանդակելով Իրաքի կառավարական ուժերի առաջխաղացմանը։ Իսլամիստների դեմ ակտիվ պայքար են մղում նաև քրդական Փեշմերգե ջոկատները, որոնք արդեն իսկ ազատագրել են Իրաքի հյուսիսային մի շարք շրջաններ։

ԱՄՆ-ից բացի, Իրաքի կառավարությանն ու Քրդական ինքնավարությանը ռազմական օգնություն է ուղարկել նաև Գերմանիան։ 92 միլիոն ամերիկյան դոլար ընդհանուր արժողությամբ զինամթերքը նախատեսված է շուրջ 4 000 հոգու պատճաշ զինելու համար։ Գերմանական սպառազինության խմբաքանակը հրազենից բացի, ներառում է նաև հակատանկային հրթիռային համալիրներ և զրահափոխադրիչներ։

3 responses to “Մեծ Բրիտանիան ծանր գնդացիրներ է մատակարարել Իրաքում իսլամիստների դեմ կռվող ուժերին

  1. Pingback: «Իսլամական պետության» դեմ պայքարող երկրների ցանկը շարունակում է համալրվել. միացել է նաև Կանադան | Ռազմ.info

  2. Pingback: Ֆրանսիան ևս միացել է «Իսլամական պետության» դեմ պայքարին | Ռազմ.info

  3. Pingback: ԻՊ դեմ պայքարի համատեքստում Մեծ Բրիտանիան ընդլայնում է իր ներկայությունն Իրաքում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *