Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 2014-ի սեպտեմբերի 1-ին երկրի խորհրդարանի ստորին պալատում հանդես է եկել ելույթով, որում հիմանվորել է Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ կռվող քրդական Փեշմերգե զորաջոկատներին 70 միլիոն եվրոյի (շուրջ 92 միլիոն դոլար) սպառազինություն, զենք և զինամթերք մատակարարելու կառավարության որոշումը։ Այս մասին հայտնում է գերմանական «Deutche Welle» գործակալությունը։
Մերկելը նշել է՝ «Իսլամական պետություն» խմբավորումը սպառնալիք է ներկայացնում նաև Գերմանիայի համար ու դրանով է պայմանավորված նրանց դեմ պայքարող քրդերին աջակցելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ ասած, Գերմանիայում առաջնորդվում են «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքով։
Ինչպես իր ելույթում նշել է կանցլերը, երկրի պաշտպանության նախարարության մասնագետները հանգամանորեն վերլուծել են իրավիճակը՝ պարզելու համար սպառազինության այն տեսակները, որոնց անհրաժեշտությունը կա քրդական Փեշմերգե զինված խմբավորման շարքերում։
Հարկ է նշել, որ խորհրդարանում ոչ բոլոր քաղաքական ուժերն են ողջունել Իրաքյան Քրդստանին զինելու կառավարության որոշումը, սակայն օրենսդրորեն կառավարությունը սպառազինություն արտահանելու հարցերը պարտավոր չէ համաձայնեցնել Բունդեսթագի հետ, ուստի Մերկելի զեկույցն ավելի շատ կրել է ֆորմալ բնույթ։
Հայտնի է՝ սպառազինությունն ու զինամթերքը, որը Գերմանիան պատրաստվում է մատակարարել, բավարար է շուրջ 4 000 հոգու զինելու համար։ Մատակարարումը կիրականացվի երեք փուլով. առաջինը նախանշված է հենց այս ամիս՝ սեպտեմբերին, իսկ հետագա մատակարարումների ժամանակացույցն արդեն կախված է իրադարձությունների զարգացումից։
Պաշտպանության նախարարությունը հրապարակել է նաև մատակարարման ենթակա սպառազինության և զինամթերքի ցանկն ու ծավալները և նշել՝ չի բացառվում, որ Փեշմերգեի մարտիկներին որոշ զինատեսակներն օգտագործելու հմտություններ ուսուցանելու նպատակով գերմանական բանակի մասնագետները գործուղվեն Իրաք։
Առաջին խմբաքանակով նախատեսվում է Իրաքում կռվող քրդերին մատակարարել.
• 4 000 հատ G3 գրոհային հրացան՝ 1 միլիոն փամփուշտով
• 20 հատ MG3 գնդացիր՝ 500 հազար փամփուշտով
• 4 000 հատ P1 ատրճանակ՝ 500 հազար փամփուշտով
• 20 միավոր Milan հակատանկային հրթիռային համալիր՝ կառավարվող 300 հրթիռով
• 100 հատ Panzerfaust-3 նռնականետ՝ 1250 հրթիռով
• 20 հատ չկառավարվող հրթիռների արձակման կայան՝ 500 հրթիռով
• Լուսային արկի արձակման 50 ատրճանակ՝ 2 000 արկով
• Ձեռքի 5000 նռնակ
• 20 միավոր Wolf ամենագնաց
• 10 միավոր Wolf թեթև զրահապատ մեքենա
• 20 միավոր UNIMOG բեռնատար մեքենա
Մատակարարման հետագա խմբաքանակները ներառելու են սպառազինության և զենքի նույն տեսակները, բայց տարբեր քանակներով։
Նկատենք, որ ավելի վաղ Իրաքի քրդերին զինամթերք մատակարարելու պատրաստակամության մասին էր հայտնել նաև Չեխիան՝ նշելով, որ կարող է արտոնագրել ռազմական արդյունաբերության ոլորտի ընկերություններին իրենց արտադրանքի որոշակի տեսակներ արտահանել նաև Իրաք՝ Փեշմերգեի մարտիկներին։
Հիշեցնենք, «Իսլամական պետություն» իսլամիստական ծայրահեղ խմբավորման մարտիկները ավելի քան 2 ամիս է, ինչ վերահսկողություն են սահմանել Իրաքի հյուսիսարևմտյան շրջանների նկատմամբ, որտեղ իրականացնում են բնակչության թալան և սպանդ։ Միջազգային կազմակերպություններն ահազանգում են հատկապես եզդիների խնդրի մասին, ովքեր այլադավան լինելու պատճառով իսլամիստների հիմնական թիրախն են։ Կրոնական հողի վրա եզդիների զանգվածային սպանությունները միջազգային մի շարք կազմակերպություններ որակում են որպես ցեղասպանություն։
Իսլամիստ զինյալների դեմ պայքարում Իրաքի կառավարական ուժերին սատարում է նաև ԱՄՆ-ն՝ հակառակորդի մարտական դիրքերին հասցնելով օդային հարվածներ անօդաչուների միջոցով։
Pingback: Մեծ Բրիտանիան ծանր գնդացիրներ է մատակարարել Իրաքում իսլամիստների դեմ կռվող ուժերին | Ռազմ.info
Pingback: «Իսլամական պետության» դեմ պայքարող երկրների ցանկը շարունակում է համալրվել. միացել է նաև Կանադան | Ռազմ.info
Pingback: Ֆրանսիան ևս միացել է Իրաքում «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարին | Ռազմ.info
Pingback: Գերմանիայի պաշտպանության նախարարն այցելել է Իրաքի քրդական ինքնավարություն | Ռազմ.info
Pingback: Բունդեսթագը հաստատել է քրդական Փեշմերգեի մարտիկներին մարզելու որոշումը | Ռազմ.info