Օբաման, Իրաքից բացի, չի բացառել ավիարհարվածները Սիրիայում

Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունեցել՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն ցամաքային զորքեր չի մտցնի Իրաք «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման դեմ պայքարելու, սակայն հավանական է համարել Սիրիայում և Իրաքում նույն իսլամիստների հենակետերին օդային հարվածներ հասցնելը։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, Օբամայի խոսքերով՝ ԱՄՆ-ն գլխավորելու է Սիրիայում և Իրաքում իսլամիստական խմբավորումների դեմ պայքարի համար կազմավորված կոալիցիան, սակայն հրաժարվում է այն մտքից, որ ԱՄՆ զինծառայողները մարտնչեն այլ պետության տարածքում։ «Մենք պայքարելու ենք մեր օդուժի օգնությամբ և աջակցելու ենք մեր գործընկերներին ցամաքային գործողություններում»,-նկատել է ԱՄՆ նախագահը։ Օբաման նաև ընդգծել է, որ իրենց գործողությունները տարբերվելու են Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ իրականացրած քայլերից՝ ավելի շատ հիշեցնելով «ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողությունները Եմենում և Սոմալիում»։

Հարկ է շեշտել նաև, որ իր՝ մոտ 15 րոպե տևած ելույթում Օբաման կրկին անդրադարձել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, հերթական անգամ մեղադրանքներ հնչեցրել «սեփական ժողովրդի դեմ քիմիական զենք կիրառելու համար» (քիմիական զենքի կիրառումն Ասադի համախոհ ուժերի կողմից մինչ օրս փաստարկված չէ)՝ միաժամանակ անարդյունավետ որակելով Ասադի պայքարը Սիրիայում «Իսլամական պետության» դեմ։

Ուշագրավ է՝ Օբամայի ելույթում առանցքային մտքերին մեկն այն էր, որ ԱՄՆ պատրաստ է հարյուրավոր տեսուչներ ուղարկել և զինել Սաուդյան Արաբիայում Սիրիայի ապստամբներին`Կոնգրեսին կոչ անելով 500 մլն ԱՄՆ դոլար տրամադրել դրա համար, մինչդեռ հայտնի է, որ Սիրիայում ընդդիմադիր մի շարք ուժեր և ապստամբները սերտ առնչություններ ունեն իսլամիստների հետ, որոնց դեմ էլ, Օբամայի խոսքերով, ԱՄՆ-ն պայքար է մղելու «որտեղ էլ որ նրանք լինեն»։ Նկատենք, որ դեռևս 2014-ի հունիսին տեսուչներ էր ուղարկել Իրաք, երբ Իրաքի կառավարական ուժերը անհաջողություններ էին կրել «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարում։ Ավելի վաղ ԱՄՆ-ն 25 մլն դոլար էր հատկացրել Իրաքի կառավարությանն ու Իրաքյան Քրդստանին իսլամիստների դեմ պայքարի համար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ներկայացրել է «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի ստեղծման նախագիծ։ Նա ընդգծել է, որ միջամտությունը դարձել է բացարձակ անհրաժեշտություն իսլամիստների առաջխաղացումը կասեցնելու համար։

Հավելենք նաև, որ ԱՄՆ օդուժն այնուհանդերձ պարբերաբար օդային հարվածներ է հասցնում Իրաքում իսլամիստների տեղակայման վայրերին՝ օգոստոսի վերջից ի վեր։

«Իսլամական պետություն» (նախկին՝ «Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն») իսլամիստական խմբավորումը 2014-ի հունիսի սկզբին սկսել էր Իրաքի հյուսիսային ու արևմտյան հատվածների խոշոր քաղաքների գրավման գործընթացը։ Նրանց հաջողվել էր հանկարծակի գրոհների արդյունքում իրենց վերահսկողության տակ վերցնել մի քանի քաղաքներ. հունիսի 10-ին նրանք գրավել էին Մոսուլը, ապա՝ հունիսի 11-ին՝ Տիգրիտը, մի քանի օր անց մոտեցել էին մայրաքաղաք Բաղդադին։

Նշենք նաև, որ օգոստոսի 15-ին ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել, որի համաձայն պատժամիջոցներ են կիրառվելու Իրաքում ու Սիրիայում մարտնչող «Իսլամական պետություն» և «Ալ Նուսրայի ճակատ» իսլամիստական խմբավորումների անդամների և նրանց հետ առնչություն ունեցողների դեմ։ Այդ ցուցակում դեռևս ընդգրկված են 6 հոգի։

One response to “Օբաման, Իրաքից բացի, չի բացառել ավիարհարվածները Սիրիայում

  1. Pingback: Եգիպտոսի նախագահն ԱՄՆ-ին առաջարկում է ընդլայնել հակահաբեկչական կոալիցիայի գործառույթները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *