Պումա ՀՄՄ-ներն առաջիկայում կհամալրեն Գերմանական զինուժի սպառազինությունը

Գերմանիայի զինված ուժերում սկսել են Պումա (Puma) հետևակի մարտական մեքենայի սպասարկումն իրականացնող ու անձնակազմերին վարժեցնող մասնագետներ պատրաստել, քանի որ նախատեսում է առաջիկայում զորքերին հանձնել հետևակի մարտական մեքենաների առաջին սերիական խմբաքանակը, հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։

Գերմանական Puma հետևակի մարտական մեքենան Eurosatory-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ

Գերմանական Puma հետևակի մարտական մեքենան Eurosatory-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ

Նախատեսվում է, որ մասնագետների պատրաստումը կսկսվի արդեն 2014-ին, իսկ հենց շահագործող անձնակազմի պատրաստումը՝ 2015-ի կեսերին։ Մինչ այդ՝ 2012-ին, մեքենաները ցրտի նկատմամբ դիմացկունության փորձարկումներ էին անցել Նորվեգիայում, իսկ 2013-ին արդեն եղանակային շոգ պայմանների նկատմամբ դիամացկության փորձեր՝ Արաբական Միացյալ Էմիրություններում։

Սակայն ինչպես և հաղորդվում էր նախկինում, Պումաներն այդպես էլ հնարավոր չեղավ 2014-ին ուղարկել զորքեր, որովհետև դրանց տեխնիկական խնդիրների լուծումը երկար ժամանակ էր պահանջելու։ Այդ մասին 2013-ի հոկտեմբերին Գերմանիայի խորհրդարանում հայտնել էր երկրի պաշտպանության նախարարը:

Նախարարի նշած 5 հիմնական թերությունների մեջ եղել էին էլեկտրոնային համակարգերի աշխատանքի անկայունությունը, ծրագրային ապահովման անկատարությունը, տեխնիկական փաստաթղթերի խնդիրները, մեքենայի խիստ ծանր զանգվածը ու անձնակազմի դիտման սարքերի անարդյունավետությունը։ Թերությունները հայտնաբերվել են Puma-ների  5-միավորանոց փորձնական խմբաքանակի փորձարկումների ժամանակ։

Թերություններից գլխավորը հետևակի մարտական մեքենայի չափազանց մեծ զանգվածն էր: Puma-ի իրանը պատրաստված է եռակցված պողպատյա զրահից։ Բազային զրահավորմամբ հետևակի մարտական մեքենայի զանգվածը մոտ 31,5 տոննա է, իսկ լրացուցիչ զրահավորման առկայությամբ մեքենայի զանգվածը հասնում է 43 տոննայի։ Հենց վերջին ցուցանիշը գերմանական զինված ուժերի փորձագետները համարում են չափազանց բարձր։ Նախ այդպիսի զանգվածը խնդիրներ է առաջացնում մեքենայի շարժունակության առումով, հետո էլ նման զանգվածը խիստ կծանրաբեռնի մեքենայի ընթացամասը։

Սակայն հետագայում հայտնի դարձավ, որ Պուման ընդունել են սպառազինության ու դրա առաջին սերիական միավորը ներկայացրել 2014-ի հունիսին՝ Eurosatory-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ։

Հիմա էլ նշվում է, որ հետևակի մարտական մեքենայի խիստ ծանր զանգվածը բավարարել է փորձարկողներին, ու գերմանական զինված ուժերում ՀՄՄ-ները օդային տրանսպորտով տեղափոխելու համար դրա վրայից կհանեն զրահը, ինչի արդյուքում այն 43 տոննայից կդառնա 31 տոննա։ Սակայն հայտնի չէ, թե գերմանացիներն ինչ լուծում են տվել ընթացամասերի ծանրաբեռնման խնդրին, քանի որ խիստ ծանր զանգվածը կարող է արագ մաշեցնել ընթացամասը ու նաև այլ խնդիրների պատճառ դառնալ։

Նախագծողները նշում են, որ բազմաթիվ ձևափոխումներից հետո մեքենան ընդունվել է սպառազինության, բայց դա չի նշանակում, թե դրա արդիականացման աշխատանքները վերջացել են, քանի որ ՀՄՄ-ի վրա սպասվում են դեռ մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես, մեքենաների վրա կտեղադրվեն զույգ ժապավեններով մատակարարմամբ 30 մմ-անոց թնդանոթներ։ Բացի այդ, նախատեսված է մինչ այս մեքենայի վրա տեղադրված 5,56 մմ գնդացիրները փոխարինել ավելի մեծ տրամաչափի՝ 7,52 մմ, գնդացիրներով։ Փոխվելու են նաև ծխավարագույրի ստեղծման համար նախատեսված նռնականետերը։ Միաժամանակ պահպանվելու են իսրայելական արտադրության Spike (Սփայք) հակատանկային կառավարվող հրթիռները։ Ներսի սարքավորումներից կփոխարինվեն մեքենայի հրամանատարի, վարորդի ու նշանառու-օպերատորի սև-սպիտակ էկրանները, որոնց փոխարեն կտեղադրվեն գունավոր էկրաններ և այլն։

Ավելացնենք, որ Պումաների տրամադրման պայմանագիրը 2009-ին կնքվել էր մի կողմից Գերմանիայի պաշտապանության նախարարության և մյուս կողմից Krauss Maffei Wegmann ու Rheinmetall ընկերությունների միջև։ Պայմանագրի համաձայն նախատեսված էր, որ երկու ընկերությունները համատեղ պետք է արտադրեին ու Գերմանիայի զինված ուժերին տրամադրեին 405 միավոր Պումա ՀՄՄ-ներ։ Պայմանագրի արժեքը կազմում էր 4,26 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ Գերմանիայի պաշտպանության նախարարության ընդհանուր ծախսերը կազմելու էին 5,92 մլրդ ԱՄՆ դոլար։ Հետագայում՝ 2012-ին, պայմանագիրը վերակնքվել է՝ կապված Գերմանական զինուժի կրճատման, ինչպես նաև ծախսերի ավելացման հետ։ Նոր պայմանագրով տրամադրվելիք հետևակի մարտական մեքենաների քանակը հասցվեց 350 միավորի։

Գերմանական Պումա ՀՄՄ-ի մինչ այժմ արտադրված տարբերակները զինված էին 30 մմ-անոց ակոսավոր ավտոմատ թնդանոթով, 5.56 մմ-անոց գնդացրով, ինչպես նաև լրացուցիչ Spike (Սփայք) հակատանկային կառավարվող հրթիռներով։ Մեքենայի վրա դրված է V-աձև 10 մխոցանի 1073 ձիաուժանոց շարժիչ, որի շնորհիվ մեքենայի առավելագույն արագությունը 70կմ/ժ է։ Մեքենայի անձնակազմը 3 հոգի է և կարող է տեղափոխել մինչև 6 դեսանտային։

One response to “Պումա ՀՄՄ-ներն առաջիկայում կհամալրեն Գերմանական զինուժի սպառազինությունը

  1. Pingback: Գերմանիայի զինված ուժերի մարտունակությունը լուրջ կասկածի տակ է | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *