Գերմանիայի զինված ուժերի մարտունակությունը լուրջ կասկածի տակ է

Գերմանիայի զինված ուժերում շարունակում են ի հայտ գալ սպառազինության ձեռքբերման ու անձնակազմի համալրման հետ կապված խնդիրներ, որոնց հերթական անգամ անդրադարձ է կատարել գերմանական Deutsche Welle գործակալությունը։

Համաձայն հրապարակման, Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը (Ursula von der Leyen) սեպտեմբերի վերջին հայտարարել էր, որ բանակի վիճակը բավարար չէ ՆԱՏՕ-ի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները կատարելու համար: Լյայենը զինված ուժերում ստեղծված իրավիճակը պատճառաբանելիս շեշտադրում էր արել ինքնաթիռների և ուղղաթիռների մաշվածությանը, սակայն ինչպես պարզվեց հետագայում, ՆԱՏՕ-ի անդամ Գերմանիայի զինված ուժերում խնդիրներն ավելի լուրջ են ու խորքային:

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Աֆղանստանում ծառայող գերմանացի զինծառայողների հետ

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Աֆղանստանում ծառայող գերմանացի զինծառայողների հետ

Գերմանիայի պաշտպանության նախարարության հրապարակած զեկույցներում պարբերաբար նշվում է, որ բանակի լուրջ խնդիրների թվում են ռազմական տեխնիկայի շահագործման ժամկետների սպառումը, ինչի հետևանքով դրանք դուրս են գալիս շարքից, իսկ նոր մատակարարումների ծավալները բավարար չեն համաչափ փոխարինումն իրականացնելու համար։

Զեկույցներից հայտնի է, որ սպառազինությունում առկա 89 միավոր Tornado կործանիչներից թռիչքներ կարող է կատարել միայն 38-ը, 56 միավոր Transall բեռնատար ինքնաթիռներից՝ 24-ը: 83 միավոր CH-53 բեռանատար ուղղաթիռներից ուսուցման ու շահագործման համար պիտանի են 16-ը, 109 միավոր Eurofighter կործանիչներից՝ միայն 42-ը:

Նույն իրավիճակն է նաև գերմանական զինված ուժերի մյուս զորատեսակներում։ Սպառազինությունում առկա U212 տեսակի 4 սուզանավերից շահագործման ենթակա է միայն մեկը, 11 ֆրեգատներից՝ 7-ը, 180 Boxer զրահափոխադրիչներից՝ 90-ը, իսկ 406 միավոր Marder հետևակի մարտական մեքենաներից՝ 280 միավորը:

Հոկտեմբերի 6-ին էլ KPMG միջազգային խորհրդատվական ընկերությունը պաշտպանության նախարարին հանձնեց զինված ուժերի խնդիրների մասին իր կատարած հետազոտությունը, որի պատվիրատուն հենց Գերմանիայի պաշտպանության նախարարությունն էր:

Զեկույցում նշվում է, որ զինված ուժերում առկա խնդիրների հիմնական պատճառը ոչ թե ֆինանսների բացակայությունն է, այլ տրամադրվող գումարների անարդյունավետ օգտագործումը: Ըստ KPMG-ի, նախարարությունը 2013 թվականին կնքել է սպառազինության գնման մոտ 8000 պայմանագիր, սակայն 73 մլրդ ամերիկյան դոլար ընդհանուր արժողությամբ խոշորագույն 9 պայմանագրերի մեջ խորհրդատվական ընկերությունը տեսել է թաքնված շուրջ 140 վտանգ, որոնց պատճառով սպառազինությունը պատվիրատուին վաճառել էին շատ ավելի թանկ գնով ու տրամադրել շատ ավելի ուշ, քան պետք էր զինված ուժերին:

Նման խնդիրներ էին առաջացել, օրինակ Eurofighter կործանիչների, A400M բեռնատար ինքնաթիռների, Puma հետևակի մարտական մեքենաների գնման պայմանագրերում: Eurofighter-ները Գերմանիայի ՊՆ-ի համար արժեցել են կրկնակի թանկ, A400M բեռնատար ինքնաթիռը կմատակարարվի նախատեսվածից շատ ավելի ուշ ու այն էլ նախնական պատվերից տարբերվող բնութագրերով: Իսկ Puma հետևակի մարտական մեքենաները երկար փորձարկումներ անցնելուց և ֆինանսական հավելյալ միջոցներ կորզելուց հետո չէին բավարարել գերմանական զինուժի պահանջներին և չէին ընդունվել սպառազինության: Ու թեև վերջերս տեղեկություն ստացվեց, որ մեքենաները շուտով կմատակարարվեն զինված ուժերին, սակայն այդ լուրը բավական հակասական է ու կասկածելի:

Պետք է նշել, որ սպառազինության շահագործման ժամկետների ավարտի, նոր սպառազինության ուշացման, մատակարարումների թերությունների հետ մեկտեղ խնդիր է նաև զինված ուժերի անձնակազմի համալրումը: ՆԱՏՕ-ի անդամ Գերմանիան 3 տարի առաջ հրաժարվել է ժամկետային պարտադիր զինծառայությունից՝ անցնելով համալրման պայմանագրային սկզբունքին: Սա իր հետ բերում է նոր բեռ՝ ի դեմս ֆինանսական ծախսերի կտրուկ աճի։

Նման իրավիճակից դուրս գալու համար, Գերմանիայի պաշտպանության նախարարի հավաստմամբ, անհրաժեշտ են հավելյալ ֆինանսական միջոցներ: Սակայն հակառակ դրա՝ 2014-ին Գերմանիայի կառավարությունը շուրջ կես միլիարդ դոլարով կրճատել է ռազմական բյուջեն՝ հասցնելով այն մոտ 42 միլիարդի: Դեռ ավելին՝ հաջորդ տարի ռազմական բյուջեն նախատեսվում է կրճատել ևս 900 մլն դոլարով ու այս միտումների պահպանման դեպքում, մի շարք չափանիշներով Եվրոպայի  առաջատար պետություններից մեկի բանակն առերեսվելու է նորանոր խնդիրների հետ։

One response to “Գերմանիայի զինված ուժերի մարտունակությունը լուրջ կասկածի տակ է

  1. Pingback: Գերմանիան 6,5 միլիարդ դոլար կծախսի՝ ԶՈւ մարտունակությունը վերականգնելու համար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *