Puma (Պումա) հետևակի մարտական մեքենայի՝ Գերմանիայի զինված ուժերի սպառազինության չընդունվելը կապված է նրա մի շարք զգալի թերությունների հետ, որոնք ի հայտ են եկել փորձարկումների ժամանակ։
Հայտնաբերված թերությունների մասին Գերմանիայի խորհրդարանին ուղղված զեկույցի ժամանակ նշել է պաշտպանության նախարար Թոմաս դե Մեզյերը։
Նախարարի նշած 5 հիմնական թերությունների մեջ եղել են էլեկտրոնային համակարգերի աշխատանքի անկայունությունը, ծրագրային ապահովման թերի լինելը, տեխնիկական փաստաթղթերի խնդիրները, մեքենայի խիստ ծանր զանգվածը ու անձնակազմի դիտման սարքերի անարդյունավետությունը։
Թերությունները հայտնաբերվել են Puma-ների փորձնական 5-միավորանոց խմբաքանակի փորձարկումների ժամանակ։ Մասնավորապես նշվում է, որ խնդիրներ են ստեղծում գիշերային տեսանելիության սարքերը, կրակի կառավարման համակարգը ու տեղեկատվության փոխանակման անլար համակարգը հետևակի մարտական մեքենայի ու գերմանական զինված ուժերի Gladius (Գլադիուս) հեռանկարային զինվորական հանդերձավորման համակարգի միջև։
Հատկապես խիստ ցածր են գնահատվել մեքենայի մեխանիկ-վարորդի դիտման սարքավորումների հնարավորությունները։ Վարորդի տեղում տեղադրված է 3 շրջադիտակային (պերիսկոպային) սարք, որոնցից կենտրոնականը կարող է փոխարինվել գիշերային պասիվ դիտման սարքով, բացի այդ մեխանիկ-վարորդն ունի մեքենայի հետևի տեսադաշտին էկրանով հետևելու հնարավորություն։ Մեքենայի հրամանատարն ունի 5, իսկ նշանառուն 1 շրջադիտակային սարք։ Կրակի կառավարման համակարգը հասանելի է ոչ միայն հրամանատարին, այլև նշանառուին։
Puma-ի իրանը պատրաստված է եռակցված պողպատյա զրահից, իսկ անհրաժեշտության դեպքում դաշտային պայմաններում կողերից կարող է ամրացվել լրացուցիչ զրահ։ Բազային զրահավորմամբ հետևակի մարտական մեքենայի զանգվածը մոտ 31,5 տոննա է, իսկ լրացուցիչ զրահավորման առկայությամբ մեքենայի զանգվածը հասնում է 43 տոննայի։ Հենց վերջին ցուցանիշը գերմանական զինված ուժերի փորձագետները համարում են չափազանց բարձր։ Նախ այդպիսի զանգվածը խնդիրներ է առաջացնում մեքենայի շարժունակության առումով, հետո էլ նման զանգվածը խիստ կծանրաբեռնի մեքենայի ընթացամասը։
Գերմանիայի պաշտպանության նախարարը նշել է, որ մեքենան 2014-ին չի տրամադրվի զինված ուժերին, ինչպես նախատեսվում էր պայմանագրով, իսկ նախարարությունը մինչև ամսվա վերջ սպասելու է արտադրող ընկերությունների պարզաբանումներին ու առաջարկներին։
Puma-ների տրամադրման պայմանագիրը 2009-ին կնքվել էր մի կողմից Գերմանիայի պաշտապանության նախարարության և մյուս կողմից Krauss Maffei Wegmann ու Rheinmetall ընկերությունների միջև։ Պայմանագրի համաձայն նախատեսված էր, որ երկու ընկերությունները համատեղ պետք է արտադրեին ու Գերմանիայի զինված ուժերին տրամադրեին 405 միավոր Puma հետևակի մարտական մեքենաներ։ Պայմանագրի արժեքը կազմում էր 4,26 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ Գերմանիայի պաշտպանության նախարարության ընդհանուր ծախսերը կազմելու էին 5,92 մլրդ ԱՄՆ դոլար։ Հետագայում՝ 2012-ին, պայմանագիրը վերակնքվել է՝ Գերմանիայի զինված ուժերի կրճատման հետ կապված։ Նոր պայմանագրով տրամադրվելիք հետևակի մարտական մեքենաների քանակը հասցվեց 350 միավորի։
Գերմանական Puma հետևակի մարտական մեքենան զինված է 30 մմ ակոսավոր ավտոմատ թնդանոթով ու 5,56 մմ գնդացրով, ինչպես նաև լրացուցիչ Spike (Սփայք) հակատանկային կառավարվող հրթիռներ։ Մեքենայի վրա դրված է V-աձև 10 մխոցանի 1073 ձիաուժանոց շարժիչ, որի շնորհիվ մեքենայի առավելագույն արագությունը 70կմ/ժ է։ Մեքենայի անձնակազմը 3 հոգի է, կարող է տեղափոխել մինչև 6 դեսանտային։
Pingback: Ներկայացվել է գերմանական Puma ՀՄՄ-ի սերիական արտադրությամբ տարբերակը | Ռազմ.info